Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/138

Այս էջը սրբագրված է

հիկ բաներից զերծ պահելով, ապրում են լրիվ հանգստությամբ մեր արարիչ աստծու որդի քրիստոսի կամքով և արհամարհում, ոտնատակ են տալիս բոլոր անցավոր բաները և սուրբ հոգու թևերով բարձրասլաց թռչում են, անցնում խաժամուժ խմբերի վրայով, որոնք այս աշխարհում, մեր օրերում խանգարիչներ են։ Նրանք խորշելով մերժում են անհարկի բաները այն աստիճան, որ մինչև անգամ օրվա կերակուրը, ապրուստը արհամարհում են, ո՞ւր մնաց, թե միսը կամ գինին ճաշակեն, որոնք որովայնը պարարում ու երիկամները ճարպով պատում են. դրանից բազմատեսակ անօրինություններ են ծագում։ Դրանք տրվում են այնպիսիներին, որոնք սիրում և վարվում են ըստ իրենց կամքի։ Դրա փոխարեն մենք վայելենք շնորհները մարդասիրական բարերարության, որով բոլոր ժողովուրդներն ու ցեղերը հավատում են հորից ծնված տեր Հիսուս Քրիստոսին՝ ծնված և ոչ ստեղծված, որը էակից ու բնակից է իր հորը՝ ծնողին: Նա հոր փառքի լույսի սփռումն է, կերպարանքով նման իր ծնողին։ Որոնք մտքի աչք ունեն և ճշմարիտ հավատից կուրացած չեն, նրանց նայելու բաներ է ցույց տալիս, որոնք կան նրանց բոլոր կողմերում։ Նրա լույսով են լցված երկինքը, երկիրը և ամբողջ տիեզերքը։ Բոլորի համար լսելու բաներ է սահմանում, որ ամեն բանով լսվում են։ Սրտերի և մտքերի բոլոր գաղտնիքները թափանցում են նրա ականջները, և նա զննում է մարմնի ամբողջ շունչն ու հոգին։ Նա կամովին հայտնվեց մարմնով, հասակով, կերպարանքով ու պատկերով։ Իր գթություններն ստեղծեցին։ Նրան սիրողների սրտում այդ սերը կերպարանում է նրան։ Նրանք երկրպագում են նրան ճշմարիտ հոգով. մաքրելով իրենց սրտերն ու մարմինները՝ տաճար են շինում սուրբ հոգու համար և հավասարապես հաղորդակից են դառնում մեր երանությանը, որը տերը տվեց և ասաց. «Երանի նրանց, որոնք հավատում են ճշմարտությանը», կամ՝ «նրան, ով տեսավ ինձ և իմ հորը», կամ՝ «երանի նրանց, որոնք չտեսան ինձ, բայց հավատում են ինձ, որովհետև հորն են տեսնում»։ Եվ այն մտքերը, որոնք աստվածային հավատը չեն ճանաչում,