Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/142

Այս էջը սրբագրված է

դառնա, և այսպիսով երկու թագավորությունների միջև խռովություն ու պատերազմ չի լինի։ Նրանք ասում էին, «Ոչ մի տեղ եղած բան չէ, ո՛չ թշնամիների միջև և ոչ պատերազմի ժամանակ, որ թեկուզ մի հասարակ պատգամավոր կալանավորության, կապանքի և բանտի ենթարկվի, ո՞ւր մնաց թե մահվան, հին ժամանակներից ի վեր երբեք և ոչ մի տեղ այսպիսի բան չի եղել, իսկ դա դեռ մեծ ու ավագ մարդ է և մի աշխարհի գլխավոր է, որովհետև, ինչպես ասում են, դրանց աշխարհում թագավորն ու դա մի հաշվի են, և ասում են, թե այն աշխարհում, որտեղից դրանք եկել են, այդ մարդուն սիրում են, որ նա այնտեղ երևելի մարդ է։ Դրա հետ եկողները մեզ պատմեցին, թե դա թագավորին ազգական ու մերձավոր է, և դրանց աշխարհը այդ մարդուն սիրում է»։

Իսկ թագավորը նրանց պատասխանում է, «Դուք ճիշտ եք ասում, ո՛վ իմաստուն մարդիկ, այդ այդպես է։ Եթե նրա տերը նրա միջոցով ինձ անարգանք ու նախատինք հասցներ, չէր կարելի նրա բանբերին մեղադրել, պատժի կամ բանտի ենթարկել, բայց իր սեփական կամքով ինձ անարգեց, իր կամքով իմ որդու մահվան երաշխավոր եղավ, նա հենց ասաց, թե ես ինքս նրան սպանեցի։ Իսկ երբ նրա թագավորը սիրո համար նրան մեզ մոտ ուղարկեց, բայց նա գալով մեզ կոտորեց, հենց իր թագավորի առաջ էլ հանցավոր է ու վնասակար։ Բայց որովհետև նա ինքնագլուխ բան արեց, պետք է պատասխանատու լինի, նա մահապարտ է, որովհետև գիտեմ, որ թագավորի կողմից չէ դրա արածը»։

Թագավորը այլևս նրանց չլսեց, այլ հրաման տվեց երանելի Ներսեսին աքսորել, տանել գցել մեծ ծովում մի կղզի, այնպիսի մի ամայի տեղ, ուր ոչ մարդ լինի, ո՛չ խմելու ջուր և ոչ կերակուր, լոկ մի անապատ լինի, որպեսզի սովից մեռցնի նրան։

Ապա նա իր ամբողջ իշխանության քաղաքներից հավաքեց բոլոր ուղղափառ եպիսկոպոսներին, քահանաներին ու սարկավագներին, որոնք ուղիղ հավատն էին դավանում: Իշխանության բոլոր տեղերից եկան, մեծ ժողով կազմեցին։