Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/143

Այս էջը սրբագրված է

Թագավորը նրանց հետ խոսեց (և առաջարկեց), որ բոլորն էլ ընդունեն արիանոսական աղանդի սխալ դավանությունը, ապա դառնան իրենց վիճակները և իրենց ժողովուրդները դարձնեն արիանոսական հավատին։ Երբ նրանցից ոչ մեկը սրան չհամաձայնվեց, ապա բոլորին աքսորեց ու քշեց օտար աշխարհներ, որպեսզի նրանցից ոչ մեկը իր տեղը չդառնա, իսկ նրանց փոխարեն անօրեն դավանության հովիվներ էր նշանակում, արիանոս չեպիսկոպոսներ էր ուղարկում բոլոր քաղաքները։ Եվ աշխարհի բոլոր եկեղեցիներում մեծ շարժում առաջ եկավ, խռովություններ ու աղանդներ ծագեցին։ Եվ ամբողջ աշխարհում մեծամեծ նեղություններ, փորձություններ ու վտանգներ առաջ եկան, քան նախկին թագավորների ժամանակները, ավելի վատ, քան կռապաշտ մեհենասեր թագավորների ժամանակ ծագած պատերազմներում։ Բոլոր ճշմարիտ և ուղղափառ վարդապետները վտարվեցին իրենց ժողովուրդների մոտից, նրանց տեղերը գրավեցին սատանայի մշակները, քրիստոսի բոլոր հավատացողները ենթարկվեցին տեսակ-տեսակ նեղությունների, բոլոր ժողովուրդները սգի ու տրտմության մեջ ընկան։ Որովհետև բոլոր եկեղեցիները գրավեցին սատանայի սպասավորները, հովիվները անջատվեցին իրենց հոտերից, և հոտերը ցրվեցին, որովհետև առաջնորդ չունեին, և հավատացյալ ժողովրդի համար աղոթքի տեղեր չմնացին։ Նրանք որպեսզի սատանայի սպասավորներին չհավատան, քաղաքներից ու գյուղերից դուրս, անշեն տեղերում, բաց երկնքի տակ աղոթք էին անում և աղոթքների վերջում ուխտադրությամբ խնդրում էին աստծուց, որ այդ չար ժամանակը փոխի, վերացնի, ճշմարիտ առաջնորդներին դարձնի իրենց ժողովուրդների մոտ, դարձնի իրենց աշխատանքով շինված եկեղեցիները, որտեղից հալածվել էին։ Թերևս նրա՛նց էլ այստեղից վերադարձ լինի։

Իսկ այն իշխաններին, որոնք Հայոց աշխարհից սուրբ Ներսեսի հետ գնացել էին, (Վաղեսը) արձակեց՝ շատ գանձերով լիացնելով. մտածում էր բոլորին կաշառքներով կուրացնել և նրանց ձեռքով ոսկու, արծաթի ու թանկագին ակների մեծ գանձեր ուղարկեց (Արշակ) թագավորին՝ նրա