Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/144

Այս էջը սրբագրված է

սիրտը առնելու համար։ Թիվ ու հաշիվ չկար այն գանձերին, որ ուղարկեց Հայոց թագավորին, և նրան ամբաստանության գիր էլ գրեց Ներսեսի մասին, իբր թե նա սպանեց իր որդուն։ Նաև արձակեց Հայոց թագավորի Արշակունի պատանդներին, որ կայսերական պալատում էին գտնվում, Արշակ թագավորի եղբորորդիները, որոնցից մեկի անունն էր Գնել, մյուսինը՝ Տիրիթ։ Սրանց հանձնեց Հայոց սատրապներին ու այսպես նրանց ճանապարհ գցեց։


Գլուխ Զ

ԹԵ ԻՆՉՊԵ՛Ս ՍՈԻՐԲ ՆԵՐՍԵՍԸ ԱՔՍՈՐՎԵՑ ՈԻ ԳՑՎԵՑ

ԱՄԱՅԻ ԿՂԶԻՆ ԵՎ ԻՆՉՊԵ՜Ս ԿԵՐԱԿՐՎԵՑ, ԿԱՄ ԻՆՉՊԵ՜Ս

ԱՍՏԾՈԻՑ ՀՐԱՇՔՆԵՐ ԵՂԱՆ ԻՆԸ ՏԱՐԻ:

Երբ Վազես թագավորը զայրանալով հալածանք հարուցեց բոլոր սուրբ եկեղեցիների դեմ իր իշխանության բոլոր կողմերում և բոլոր եպիսկոպոսներին հեռացնելով իրենց ժողովուրդներից օտարության մեջ գցեց, նա ավելի մեծ բարկությամբ գրգռված էր սուրբ ներսեսի դեմ, որովհետև նրան էր համարում պատճառ իր մեկ հատիկ որդու մահվան, ուստի կամենում էր նրան չարաչար, դառն մահով մեռցնել։ Թագավորի մեծամեծներն ու բոլոր խորհրդականները չհամաձայնվեցին այս բանին և հազիվհազ կարողացան նրան մահից ազատել։ Այն ժամանակ նա հրաման տվեց նրան գցել մեծ ահագին օվկիանոս ծովի մի կղզի, մի ամայի, անջուր տեղ, որտեղ ո՛չ դալար բույս կար, ոչ արմտիք և ոչ ուրիշ մի բան՝ մարդուն պիտանի, այլ միայն քար, ավազ, ապառաժ։ Ճանապարհ էլ չկար դեպի այդ կողմը, և ոչ նավերի երթևեկություն։

Նրան տարան հասցրին հրամայված տեղը և նրա հետ յոթանասուն մարդ, որոնց մի մասը եպիսկոպոսներ էին ուրիշ քաղաքներից և մի մասը՝ հոգևորականներ ուրիշ եկեղեցիներից։ Իսկ նա (Ներսեսը) ուրախ էր այս բանին, որ իրեն վիճակվեց չարչարանքներ կրել Հիսուս Քրիստոսի աստծու որդու անվան համար։ Նրա հետո աքսորվածներից