Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/154

Այս էջը սրբագրված է

ինչ-որ քաղաքում կա մի ճարտար սոփեստես։ Կայսրը նրա մոտ մագիստրիանոսներ ուղարկեց, որ շուտով գնան և նրան անհապաղ իր մոտ բերեն։ Գնացին, իսկույն տարան։

Երկու օթևան անցնելով՝ նրանք եկան հասան մի ուրիշ քաղաք, քաղաքից դուրս կար մի վկայարան սրբուհի Թեկղիի։ Երբ այստեղ հասան, սոփեստեսը իջավ և իրեն կացարան ընտրեց վկայարանի ներսը, իսկ մագիստրիանոսներն իջևանեցին քաղաքում։ Երբ սոփեստեսը հաց կերավ, անկողին գցեց, մատուռի դռները փակեց, անկողնու վրա նստեց և ուզում էր պառկել։ Եվ մինչդեռ արթուն էր, բաց աչքերով տեսավ, որ հանկարծ մատուռի դռները բացվեցին, և երևաց նահատակների մեծ բազմություն, մեծ փառքով։ Նրանց առաջ դուրս եկավ սրբուհի տիկին Թեկզին փառավոր զարդարված, կարծես լույսի ճառագայթներ էին թափվում վրայից։ Իրար ողջունեցին, տիկին Թեկզին ասում էր նրանց. «Բարով եկաք, Քրիստոսի սիրելիներ, բարեկամներ և վաստակավորներ»։ Իրար ողջունելուց հետո աթոռներ դրին ու կարգով նստեցին։ Հետո սրբերն սկսեցին խոսել և ասում էին. «Տիրոջ այն սրբերը, որոնք դեռ ապրում են աշխարհում, այստեղ նեղության մեջ են, ոմանք կապանքներում, ոմանք բանտերում, ոմանք աքսորում, ուրիշները ենթարկված են բռնությունների, հարկերի ու խոշտանգումների։ Մենք փութապես հավաքվեցինք, որպեսզի անուշադրության չմատնենք, այլ նախանձախնդիր լինենք աստծուն հավատացողների համար։ Մանավանդ որ տիրոջ շատ մշակներ անհետացած են, շատ արտեր անմշակ են մնացել, շատ այգիներ խոպանացել են. մենք պետք է մշակներին վերացնող Վաղեսին վերացնենք, որպեսզի ամեն մի մշակ իր գործին կանգնի։ Բարսիլիոս քաջ մշակն էլ իր գործից խափանվել էր։ Եկե՛ք, մեզանից երկուսին ուղարկենք, որ գնան չարագործ Վաղեսին կյանքից զրկեն»։ Ապա (ընտրում են) երկուսին, մեկի անունը Սարգիս, մյուս ինը՝ Թեոդորոս, նրանց ուղարկում են և ժամադիր են լինում ու ասում. «(Վաղը) նույն այս ժամին եկեք, մենք էլ կգանք»։ Հետո վեր կացան, իրարից բաժանվեցին, գնացին։

Այս բոլորը լսեց սոփեստեսը, որ մատուռում էր գտնը-