Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/157

Այս էջը սրբագրված է

հաստատեք ու։ Իսկ Վաղես թագավորը արգելեց ու աքսորեց Ներսես մեծ քահանայապետին և նրա փոխարեն արձակեց Արշակ թագավորի եղբորորդիներին՝ Գնելին ու Տիրիթին, Արշակ թագավորի սիրտը առնելու համար անթիվ, անհամար գանձեր տվեց Վարգանի և նրա հետ եղողների ձեռքը ու ճանապարհ դրեց։

Դեսպանները կայսեր մոտից մեկնելով՝ եկան հասան Մեծ Հայքի թագավոր Արշակի մոտ, նրան հանձնեցին կայսեր հրովարտակը և դրա հետ դժգոհության ու մեղադրանքի գրություն։ Որովհետև կայսրը Հայոց Արշակ թագավորին գրել էր սուրբ Ներսեսի մասին, թե նա սպանեց իր մեկ հատիկ որդուն, այս պատճառով այստեղ պահվեց։ Մեզ չմեղադրես. ընդունի՛ր մեր ազատ արձակած երկու պատանիներին՝ Արշակի եղբորորդիներին՝ Գնելին և Տիրիթին։ (Դեսպանները) ներկայացրին թագավորին նաև անթիվ գանձեր ու կարասիներ։

Իսկ Արշակ թագավորը երբ լսեց ու տեսավ այս ամենը, դժգոհություն հայտնեց գանձերը տվողին էլ, բերողներին էլ։ Սաստիկ զայրույթ արտահայտեց կայսեր դեմ, թե ինչպե՞ս նա համարձակվեց արգելանքի ենթարկել այնպիսի մեծ և պատվավոր մարդու, որ մի աշխարհի և թագավորության գլխավորը, ուսուցիչն ու առաջնորդն էր։ (Այդ) «շատ քարերը,— ասում է,— կայսեր և ձեր՝ բերողներիդ, գլխին թափվեն։ Քարեր մենք էլ շատ ունենք՝ (դրանց) տվողի և ձեր՝ բերողներիդ, ատամները թափելու, ինչպե՞ս պետք է այս անպատվությանը դիմանամ։ Ես այս երախտիքի փոխարենը կհատուցեմ»։ Հրաման տվեց իր Վասակ զորավարին զորք հավաքել, գնդեր կազմակերպել, գնալ, զարկել և ավար առնել Գամիրքի կողմերը։ Զորավար Վասակ սպարապետը իսկույն կատարում է նրա հրամանը։ Մի տեղ հավաքում է մոտ երկու հարյուր վաթսուն հազար զորք, գնում ջարդում, ավար է առնում Գամիրքի կողմերը մինչև Անկյուրիա քաղաքը։ Վեց տարի իրար ետևից ավերում է Հունաց սահմանների երկրները։ Լիացան մեծ ավարով և տեսակ-տեսակ հարստություններով, մեծ թշնամությամբ և սաստիկ բռնությամբ (ասպատակելով) այդ կողմերը։