Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/159

Այս էջը սրբագրված է

հասակում աստվածային իմաստությամբ էր շարժվում, անյքան, չափահաս դառնալիս, թաղվեց լկտիության, մեղկության մեջ, և թեպետ Խաղ սուրբ հովիվը հաճախակի հանդիմանում ու կշտամբում էր նրան, նա ուշադրություն չէր դարձնում։

Այս ժամանակ թագավորը իր համար մի դաստակերտ շինեց Հովիտ կոչված Կոգ գավառում և իր իշխանության բոլոր գավառներին հրաման ուղարկեց. հրամայեց, որ ամեն տեղ մունետիկները կանչեն հրապարակներում, բոլոր գավալներում, բոլոր կողմերում հայտնեն թագավորական հրամանը, որ «Եթե մեկը մեկին պարտք է, եթե մեկը ուրիշին մի բանով վնասել է, թող բոլորը գան այդ դաստակերտը և ապահով կլինեն։ Եթե մեկը (ուրիշի) արյուն է թափել, մեկին վնասել է, կինը տարել է, կամ պարտապան է, կամ մեկի գույքը գրավել է, կամ որևէ մեկից երկյուղ ունի, թող գա այնտեղ, նրա դեմ դատ ու պահանջ չի լինի։ Եվ եթե մեկը մեկին մի բան պարտք է, և պարտատերը այդ տեղը գա (պահանջելու), նրան առանց դատի ու արդարադատության բռնեն և դուրս հանեն»։

Երբ թագավորից այս հրամանը դուրս եկավ, ապա այդտեղ հավաքվեցին բոլոր գողերը, ավազակները, արյունապարտները, մարդասպանները, ստախոսները, խաբեբաները, վնասարարները, գանձագողերը, զրկողները, դատի մեջ ստողները, զրպարտողները, կողոպտողները, հափշտակողները, ժլատները: Շատ հանցանքներ էին գործում և այնտեղ ապավինում։ Շատ կանայք իրենց ամուսիններին թողնում էին ու այնտեղ ընկնում, շատ տղամարդիկ իրենց կանանց թողնում էին և ուրիշների կանանց առնելով այնտեղ էին ընկնում, շատ ծառաներ իրենց տերերի գանձերը հափշտակելով փախչում այնտեղ էին ընկնում, շատ ավանդառուներ իրենց մոտ պահեստի դրված ավանդները վերցնում այնտեղ էին ընկնում, ամբողջ երկիրը թալանում, ավերում էին։ Թեպետև ամեն կողմից խիստ աղաղակ բարձրացավ, բայց դատ չկար, ոչ ոքի իրավունքը արքունիքից չէր պաշտպանվում։ Այս պատճառով բոլոր մարդիկ վա՛յ տալով հառաչում էին, բոլորի բերանում ընդհանուր խոսք