Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/166

Այս էջը սրբագրված է

Այս ժամանակները սուրբ Ներսեսը շրջում էր իր սեփական իշխանության մեջ։ Որովհետև տասնհինգ գավառ այդ ենթակա իշխանությունն ունեին ի բնե իբրև հատուկ իրենց սեփական, որոնց համար առանձին ամառանոց էր հատկացված։ Այս գլխավոր գավառներն էին Այրարատ, Դարանաղի, Եկեղյաց, Տարոն, Բզնունիք, Ծոփք և նրանց մեջ ու նրանց շուրջն եղածները։ Արդ՝ երբ Հայր մարդպետը եկել էր իր իշխանության մեջ շրջելու, սուրբ Ներսես կաթողիկոսն էլ եկել էր այնտեղ, ուր առաջին եկեղեցին էր շինված Գրիգորից և սուրբ վկաների վկայարանները, և այստեղ սրբերի հիշատակն էր կատարում։ Հայր մարդպետը, դեպքի բերմամբ, այդ տեղերով անցավ, ցանկացավ Աշտիշատի սուրբ տեղերը բարձրանալ, որպեսզի աղոթի և Ներսես սուրբ եպիսկոպոսապետի ողջույնն ստանա։ Աղոթք արին, իրար ողջունեցին, և սուրբ ներսես հայրապետը հրամայեց եկողների համար ճաշ պատրաստել։ Մինչ նրանք զբաղված էին նրա համար արժանավոր ճոխ ճաշ պատրաստելով նա եպիսկոպոսական կացարանից դուրս եկավ և ճեմում էր ապարանքից մինչև սրբերի վկայարանները՝ մեծ և գեղեցիկ հրապարակում։ Երբ նա տեսավ այդ տեղերի գեղեցկությունը, տեղի բարձր, շքեղ դիրքը և ներքևը բացված տեսարանը, որ շատ վայելուչ էր, նախանձով ու չկամությամբ լցվեց։

Հետո ներքինին ներս մտավ, բազմեց, կերուխումն սկսվեց։ Երբ նա լավ խմեց ու հարթեց, սկսեց հպարտ ու ամբարտավան խոսել։ Հարբած դրությամբ սկսեց նախատինք թափել Տրդատ թագավորի վրա, Հայոց Արշակունի թագավորների՝ կենդանիների և մեռածների վրա, նրանց ազգուտակի վրա։ «Ինչպե՞ս,— ասում է նա,— այսպիսի տեղերը տվել են կանանց շորեր հագած հոգևորականներին և ոչ թե տղամարդկանց»։ Քամահրելով ու արհամարհելով սուրբ տեղերը՝ ասում էր. «Մենք այս տեղերը կքանդենք, այստեղ պետք է արքունի ապարանք շինել: Եթե ես՝ Հայր մարդպետս, կենդանի մնամ և թագավորի մոտ հասնեմ, ինչ որ այստեղ կա՝ քանդել կտամ, այստեղ եղողներին կհեռացնեմ և այստեղ թագավորի բնակության սենյակներ կշինեմ»։