Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/172

Այս էջը սրբագրված է

անեծքին գաս. ողջ-ողջ թագավորությունիցդ զրկվես և չարչարանքներ կրես քո Տիրան հորից ավելի և գառն մահվամբ մեծ նեղության մեջ կյանքդ վերջացնես»։ Ներսես մեծ քահանայապետը այս բոլորն ասաց թագավորին և նրա մոտից գնաց ու այլևս այն բանակը չվերադարձավ։

Իսկ Գնել պատանուն առան տարան արքունի որսատեղի մոտ և գլխատեցին լեռան մի բլրի վրա, որին Լսին են ասում, որսերի արգելանոցի պատի մոտ, բանակատեղի դեմուդեմ, մուրտաստանի աղբյուրների մոտ սարքված արքունի բազմոցների հանդեպ։

Ապա հրաման տրվեց թագավորից. բանակում եղող բոլոր մարդիկ, մեծ ու փոքր, առհասարակ առանց բացառության, գնան կոծ անեն ու ողբան սպանված Արշակունի մեծ սեպուհ Գնելին. ոչ ոք չհամարձակվի չգնալ։ Ինքը՝ թագա¬ վորն էլ գնալով լացողների մեջ նստեց, ողբաց իր եղբորորդուն, որին ինքն սպանեց։ Գնացել նստել էր դիակի մոտ, ինքը լալիս էր և հրամայում էր լաց ու կոծը սաստկացնել սպանվածի համար։ Իսկ սպանվածի կինը՝ Փառանձեմը, զգեստները պատառոտած, վարսերը արձակած, կուրծքը բացած, կոծում էր սգատեղում, բարձր ճչում էր, աղիողորմ ողբով ու արտասուքով բոլորին լացացնում էր։ Իսկ Արշակ թագավորը լացողների մեջ տեսնում է սպանվածի կնոջը, ցանկանում է և աչք է դնում՝ իրեն կին առնելու նրան։

Իսկ նա, որ նենգությամբ այն մատնությունը արեց և դավով կատարել տվեց հարազատի սպանությունը, այսինքն Տիրիթը, սաստիկ սիրահարված էր այդ կնոջը, այդ պատճառով էլ թագավորի ձեռքով նենգությամբ այդ սպանությունը կատարեց։ Արդ՝ երբ կոծը սաստկացած էր, Տիրիթն այլևս չէր կարողանում իր կրքերը զսպել։ Մարդ է ուղարկում մեռածի կնոջ մոտ և ասում. «Շատ էլ մի՛ չարչարվիր, ես նրանից լավ տղամարդ եմ. ես քեզ սիրեցի, այս պատճառով էլ նրան մեռցնել տվի, որպեսզի քեզ կնության առնեմ»: Արդ՝ մինչ բազմությունը դիակի շուրջը մոլեգնաբար կոծում էր, Տիրիթն այսպիսի պատգամ է ուղարկում։ Կինը բողոք բարձրացրեց. «Լսեցե՛ք բոլորդ, իմ ամուսնու մահը իմ պատճառով եղավ, մեկը ինձ վրա աչք դրեց և ամուսնուս իմ