Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/185

Այս էջը սրբագրված է

ու սարքը, իրենց իրեղեններն ու բանակը, և գաղտուկ գնացին, այնպես որ Պարսից բանակից ոչ ոք այս բանը չիմացավ, մինչև լուսացավ։

Առավոտը, երբ ժամանակը հասավ Պարսից թագավորին բարիլույսի գնալու, և թագավորներն ու մեծամեծ իշխանները գնում էին Պարսից թագավորին բարիլույս մաղթելու, միայն Հայոց Արշակ թագավորն էր իր մեծամեծներով, որ ոչ մի տեղ չէր երևում։ Ապա Պարսից Շապուհ թագավորը հրաման է տալիս իր մարդկանց, որ գնան տեսնեն, թե ի՞նչ է պատահել Հայոց Արշակ թագավորի բանակում, որ նա այնքան ուշացավ Պարսից թագավորին բարիլույսի գալու։ Գնում տեսնում են, որ բանակը դատարկ է, մեջը մարդ չկա, որովհետև (զորքերը) թողել էին իրենց խորաններն ու վրանները, հովանոցներն ու սրահակները, բազմոցներն ու անկողինները, կահկարասիքը և սարքերը, մինչև անգամ իրենց գանձերը, այլ միայն իրենց զենքերն էին վերցրել ու գնացել։ (Հայոց) բանակը գնացողներն եկան և այս բոլորը պատմեցին Պարսից Շապուհ թագավորին։ Երբ Պարսից Շապուհ թագավորը այս լսեց, որովհետև խելոք մարդ էր, իր խելքով բանի եղելությունը հասկացավ և իսկույն ասաց. «Հայոց թագավորի այդ փախուստը իմ մարդկանցից է եղել. մեզանից, մեր դռան մարդկանցից են եղել այն մարդուն՝ Արշակին, փախցնողները»։ Ապա իր ավագ մեծամեծներից շատերին ձիով պատվիրակ ուղարկեց Հայոց թագավորի ետևից՝ սիրո և միաբանության երդումով, որպեսզի ետ դառնա, միասին քննեն չարախոսություններն ու պատմեն։ Բայց Հայոց թագավորը չկամեցավ լսել Պարսից Շապուհ թագավորի ուղարկած պատգամը և այլևս չդարձավ Պարսից աշխարհը։ Ապա այդ օրից սկսած պատերազմ, կռիվներ ու ճակատամարտեր ծագեցին Հայոց Արշակ թագավորի և Պարսից Շապուհ թագավորի միջև, որոնք տևեցին ավելի քան երեսուն տարի։