Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/211

Այս էջը սրբագրված է

րազմ ես ուզում մեր երկուսի միջև»։ Արշակը նրանից խնդրեց ուխտի հավատարիմ երդում, որ անկասկած լինելով գնա։ (Շապուհը) Պարսից թագավորության հավատարիմ երդման օրինակով բերել տվեց աղ, կնքեց վարազագիր մատանիով և ուղարկեց (Արշակին, ասելով), որ եթե այդ երդումից հետո էլ չգա, ապա թող պատրաստվի պատերազմի։

Երբ Հայոց աշխարհի բոլոր մարդիկ այս տեսան ու լսեցին, ապա ստիպեցին, բռնադատեցին, շտապեցրին իրենց Արշակ թագավորին, որ վեր կենա, գնա, ներկայանա Պարսից Շապուհ թագավորին։ Այնուհետև Հայոց Արշակ թագավորը կամա-ակամա վեր կացավ վերցրեց իր հետ Հայոց զորավար-սպարապետ (Վասակին) իր դայակին, ճանապարհ ընկավ Հայոց աշխարհից Պարսից աշխարհը, Պարսից Շապուհ թագավորի մոտ. գնաց, ներկայացավ Պարսից Շապուհ թագավորին։ Երբ նրանց տեսան, երկուսին էլ՝ Արշակ թագավորին և Վասակ սպարապետին բռնեցին և ազատ պահում էին ազնվական թիկնապահ զորքերի մեջ։ Եվ Շապուհ թագավորը կանչեց Արշակ թագավորին ու խիստ նախատեց նրան իբրև իր ծառայի, իսկ նա նրա առաջ իրեն հանցավոր ու մահապարտ ճանաչեց։ Դրանից հետո նրան դարձյալ թիկնապահների գնդին հանձնեցին, որ պահեն։


Գլուխ ԾԴ

ԹԵ ԻՆՉՊԵՍ ՇԱՊՈՒՀԸ ՎՀՈՒԿՆԵՐԻՆ ՈՒ ՔԱՎԴՅԱՆԵՐԻՆ ՀԱՐՑՆԵԼՈՎ՝

ՓՈՐՁՈՒՄ ԷՐ ԱՐՇԱԿԻ ՄԻՏՔԸ ԵՎ ԲԱՆՏԱՐԿՈՒՄ ՆՐԱՆ ԱՆՀՈՒՇ

ԲԵՐԴՈՒՄ, ԿԱՄ ԻՆՉՊԵՍ ՀՐԱՄԱՅՈՒՄ Է ՉԱՐԱՉԱՐ ՄԱՀՈՎ ՍՊԱՆԵԼ

ՀԱՅՈՑ ՎԱՍԱԿ ՍՊԱՐԱՊԵՏԻՆ:

Ապա Պարսից Շապուհ թագավորը կանչում է վհուկներին, աստղահմաներին ու քավդյաներին, նրանց հետ խոսում է ու ասում. «Ես շատ անգամ կամեցա սիրել Հայոց Արշակ թագավորին, բայց նա ինձ միշտ անարգեց։ Ես նրա հետ խաղաղության դաշն կապեցի, և նա երդվեց քրիստոնեական կրոնի գլխավոր (սրբության) վրա, որին ավե-