Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/215

Այս էջը սրբագրված է

պեա մնաց նստած ուռած-փքված, հետո ոտքի կանգնեց ու ասաց Շապուհ թագավորին. «Իմն է այդ տեղը, որտեղ դու բազմել ես, վե՛ր կաց այդ տեղից, որ ես այդտեղ բազմեմ, որովհետև մեր տոհմի տեղն է եղել այդ, իսկ եթե իմ երկիրը հասնեմ, քեզանից խիստ վրեժխնդիր կլինեմ»։

Այն ժամանակ Պարսից Շապուհ թագավորը հրաման է տալիս բերել շղթաներ և գցել Արշակի պարանոցը, իսկ ոտքերին ու ձեռքերին դնել կապանքներ և տանել նրան Անդմըշն բերդը, որին ասում են Անհուշ բերդ, և կապած պահել այնտեղ մինչև մեռնի։

Հաջորդ օրը Շապուհ թագավորը հրամայեց իր առաջը բերել Վասակ Մամիկոնյանին՝ Մեծ Հայքի զորավար—սպարապետին։ Սկսեց նրան անարգել. որովհետև Վասակը փոքր էր մարմնով, Պարսից Շապուհ թագավորը ասաց նրան. «Աղվես, այդ դո՞ւ էիր այն խանգարիչը, որ այսքան տարի մեզ չարչարեցիր, դո՞ւ էիր, որ այսքան տարի կոտորում էիր արիներին, հիմա ինչպե՞ս ես, որ քեզ աղվեսի մահով սպանեմ»։ Վասակը պատասխան տալով ասաց. «Այժմ դու ինձ տեսնելով մարմնով փոքր, իմ մեծության չափը չզգացի՞ր, որովհետև մինչև այժմ ես քեզ համար առյուծ էի, իսկ այժմ՝ աղվե՞ս։ Բայց մինչ ես Վասակն էի, ես հսկա էի. մի ոտքս մի լեռան վրա էր, մյուս ոտքս՝ մի այլ լեռան վրա. երբ աջ ոտքիս վրա էի հենվում, աջ լեռն էի գետին տանում, երբ ձախ ոտքիս վրա էի հենվում, ձախ լեռն էի գետին տանում»։ Շապուհ թագավորը հարցրեց և ասաց. «Դե ասա, իմանանք, այդ ի՞նչ լեռներ են, որ դու գետին էիր տանում»։ Վասակն ասաց. «Երկու լեռներից մեկը դու էիր, մյուսը՝ Հունաց թագավորը, քանի որ աստված հաշտ էր մեզ հետ, քեզ էլ էի գետին տանում, Հունաց թագավորին էլ, քանի որ մեր հոր՝ Ներսեսի օրհնությունը մեզ վրա էր, և աստված մեզ ձեռքից չէր թողել։ Քանի որ մենք նրա խոսքը լսում էինք և նրա խրատով էինք շարժվում, կարողացանք քեզ խրատ տալ, մինչև որ մենք ինքներս բաց աչքերով խորխորատի մեջ ընկանք։ Հիմա ինչ ուզում ես արա»։ Ապա Պարսից թագավորը հրամայեց՝ Հայոց Վասակ