Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/218

Այս էջը սրբագրված է

տիկնոջը բռնեցին և բերդից իջեցրին։ Հետո Պարսից զորավաբնեբը բերդը բարձրացան, ավար առան Հայոց թագավորի գանձերը, որ բերդում պահվում էին. բոլորը վար իջեցրին։ Ինը օր, ինը գիշեր շարունակ իջեցնում էին ինչ որ գտան Արտագերս բերդում, և տիկնոջ հետ միասին գերի քշեցին։

Այնուհետև եկան Արտաշատ մեծ քաղաքը, գրավեցին, նրա պարիսպները կործանեցին. այնտեղ էլ պահված գանձերը առան և ամբողջ քաղաքը գերի վարեցին։ Արտաշատ քաղաքից գերի տարան ինը հազար տուն հրեա, որոնց Արշակունի Տիգրան թագավորը գերի էր բերել Պաղեստինից և քառասուն հազար տուն հայ։ (Այսքան մարդ) Արտաշատ քաղաքից տարան։ Քաղաքի շինություններից փայտաշենները կրակ տվին այրեցին, քարաշենները քանդեցին, նույնպես և պարիսպը, քաղաքի բոլոր շինված տները հիմնահատակ կործանեցին, ոչ մի քար քարի վրա չթողին, քաղաքր բնակիչներից թափուր, անմարդի, ավերակ դարձրին։

Երբ քաղաքի բոլոր գերիները մի տեղ հավաքեցին, անցկացրին Տափեր կամուրջով. գերիներին հաշվեցին և տապարավոր զորքերով շրջապատեցին, ապա Պարսից զորագլուխներն ասացին Արտաշատ քաղաքի Զվիթ քահանային՝ «Գերիների միջից դուրս եկ ու դնա ուր ուզում ես»։ Զվիթը այս բանը հանձն չառավ ու ասաց. «Ուր որ այդ հոտը տանում եք, հովվին էլ նրա հետ տարեք. չի կարելի, որ հովիվը իր հոտը թողնի, այլ պետք է իր կյանքը զոհի իր ոչխարների համար»: Այս ասելով նա մտավ գերիների մեջ և գերի գնաց Պարսից աշխարհը իր ժողովրդի հետ։

Գրավեցին Վաղարշապատ քաղաքն էլ. քանդում, բրում, հիմքից կործանում էին. այս քաղաքից էլ գերի տարան տասնինը հազար տուն։ Ամբողջ քաղաքում շենք չթողին, բոլորը քարուքանդ արին, կործանեցին։ Ասպատակներ ուղարկելով՝ բոլոր չափահաս մարդկանց կոտորում էին, կանանց, երեխաներին գերի էին վերցնում։ Հայոց թագավորության բոլոր բերդերն առան, մեծ քանակությամբ պաշարեղեն հավաքեցին նրանց մեջ և բերդապահներ թողին։