Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/221

Այս էջը սրբագրված է

Գլուխ Ծէ

ԶՎԻԹԻ ԱՂՈԹՔԸ ՄԱՀՎԱՆ ԺԱՄԻՆ

Ով մեր արարիչ, որ ոչնչից ստեղծեցիր երկինքն ու երկիրը և ծովը, որ մեզ հողից ստեղծեցիր, և հողեղեններիս այսպես իմաստուն, բանական և կենդանի հորինեցիր։ Դու մեզ շնորհեցիր քո գիտությունը, որ մարդկային ազգերին հայտնեցիր սուրբ մարգարեների՝ քո կարապետների ձեռքով. հետո ինքդ եկար (երկնքից) իջար, մարդ դարձար, երկրի վրա երևացիր և մարդկանց հետ շրջեցիր, և քո կատարյալ իմաստությունը շնորհեցիր քո արարածներին, որ քո առաքյալների ձևով քարոզեցիր աշխարհում քեզ հետևողներին, և սուրբ վարդապետների միջոցով, որոնց իբրև լուսատուներ հաստատեցիր քո եկեղեցում, բոլորին իմաստնացրիր։ Ինձ էլ՝ անարժանիս, արժանավոր դարձրիր քեզ սպասավորելու, տառապյալիս միջոց տվիր սնվելու և ուսանելու քո սպասավորի՝ քո սուրբ և մեծ Ներսես քահանայապետի ձեռքի տակ ու նրա ձեռքով քահանա ձեռնադրվելու և նրանից նվիրվելու քո քահանայության, և այս աստիճանում ինձ պատրաստեցիր՝ փրկության բաժակը խմել նահատակությամբ, որը ես կխմեմ՝ աստծու անունը կանչելով և իմ աղոթքը կուղղեմ տիրոջը նրա ամբողջ ժողովրդի առաջ։ Հեզ փառք և զորություն և իշխանություն և քո սիրելի որդի Հիսուս Քրիստոսին և քո կենդանարար մշտնջենական սուրբ հոգուն, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն։ Երբ այս բոլորն ասաց, հավաքված բազմամարդ ամբոխը կրկնեց, «ամեն»։ Ապա սպանության վերակացուները զայրացան, թե ինչո՞ւ թողին նրան այնքան երկար խոսելու, ուստի շտապեցնելով մահվան տեղը հասցրին։ Իսկ նա մեծ ուրախությամբ պարանոցը մեկնելով՝ որի հարվածով վախճանվեց։