Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/244

Այս էջը սրբագրված է

մեջ էին մտնում` ինչպես բերդերի մեջ և հանգստանում էին: Իսկ երբ մի փոքր շունչ էին քաշում, ապա այնտեղից դուրս գալով հարձակվում էին և պարսիկներից անթիվ մարդիկ իրենց ոտքերի տակ էին գլորում և սպանում ու գլխատում էին՝ նույն քաջալերական խոսքերն ասելով իրենց Արշակ թագավորի համար։ Այսպիսով նրանք անչափ և անթիվ զորքեր կոտորեցին պարսիկներից։ Հետո երբ պարսիկները փոքր-ինչ նրանց հաղթում էին, նրանք դարձյալ իբրև մի բերդ ապաստանում էին լեգեոնի վահանավոր զորքերի մեջ, որոնք իրենց վահանները բաց անելով նրանց ներս էին ընդունում ու փակում։ Այդ օրը Հունաց զորքն ու նրանց Տերենտ ստրատելատը և Հայոց գնդերն ու նրանց Մուշեղ սպարապետը Պարսից զորքերը ջարդեցին, ոչնչացրին։ Պարսից Շապուհ թագավորը քիչ մարդկանցով փախչում է այդ պատերազմից։ Իսկ սրանք սահմանապահներ են դնում և իրենք դառնում են իրենց Պապ թագավորի մոտ բարի անունով, մեծ ավարով և շքեղությամբ։

Իսկ Շապուհ թագավորը երբ հասնում է իր իշխանության երկիրը, զարմանք է հայտնում կռվող գնդի քաջության վրա, ինչ որ ինքը տեսավ։ «Զարմացել եմ ես,— ասում է նա,- իմ տեսածի վրա։ Մանկությունից ի վեր միշտ կռվի ու պատերազմի մեջ եմ եղել, շատ տարի է, որ թագավոր եմ դարձել, և տարի չեմ անցկացրել առանց կռվի, բայց ջերմ կռիվը այս էր, որին այս անդամ պատահեցի։ Որովհետև երբ Հայոց նիզակավորները առաջ էին գալիս, այնպես էին հարձակվում, ինչպես մի բարձր լեռ կամ ինչպես մի հաստ, հզոր և անշարժ աշտարակ. իսկ երբ մենք նրանց փոքր-ինչ վանում էինք, նրանք ապաստանում էին հոռոմների լեգեոնների մեջ, որոնք իրենց կից առ կից վահանները բաց անելով նրանց ներս էին ընդունում, ինչպես մի պարսպապատ ամրոցի մեջ։ Եվ այնտեղ փոքր-ինչ շունչ առնելով՝ նորից դուրս էին գալիս ու կռվում, մինչև որ Արյաց զորքերին ամբողջովին ոչնչացրին։ Մի ուրիշ բանի վրա էլ եմ զարմացած՝ Հայկական գնդի միասիրտ հավատարմության և տիրասիրության վրա. որովհետև այսքան տարի է, որ նրանց տերը՝ Արշակը, կորած է նրանց համար, բայց նրանք նրանով էին քաջալերվում պատերազմի ժամանակ։ Երբ իրենց ախոյաններին գլորում էին: