Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/258

Այս էջը սրբագրված է

քեզ արգելեր, կամ ո՞վ պետք է ձեռքդ բռներ ու ետ կանգնեցներ այդ գործից, որ դու կամենում էիր գործել։ Բայց դու, տե՛ր, ներիր սրանց այս գործը, որ իմ դեմ գործեցին, և ընդունիր ծառայիդ հոգին, որ դու հանգիստ ես պարգևում հոգնած աշխատածներին և կատարում ես ամեն բարություն»։

Այս և սրա նման ուրիշ բաներ էլ խոսելով վեր կացավ գնաց իր կացարանը։ Նրա հետ արքունական սենյակից դուրս եկան և գնացին Հայոց բոլոր մեծամեծ նախարարները ու Հայոց Մուշեղ սպարապետը և Հայր մարդպետը ու առհասարակ այն բոլորը, որոնք այնտեղ էին, նրա հետ նրա կացարանը մտան։ Երբ իր կացարանը հասավ, պարեգոտը բացեց և ցույց տվեց սրտի վրա մի տեղ, որ կապտել էր մի բլիթի մեծությամբ։ Մեծամեծ նախարարները նրան թյուրակե և գեղթափներ են մատուցում՝ նրան փրկելու համար. բայց նա չընդունեց, մերժեց ու ասաց. «Ինձ համար մեծ բարիք եղավ այս, որ ինձ վիճակվեց մեռնել Քրիստոսի պատվիրաններին հավատարիմ մնալուս համար։ Դուք ինքներդ գիտեք, որ ինչ ձեզ հետ խոսում էի, հրապարակով էի խոսում. պետք է որ ես էլ ձեր ձեռքով հրապարակով մեռնեի, որին տենչում էի: Բայց ինձ հաջող վիճակ դուրս եկավ (աստծու) ընտրյալների հետ, և իմ ժառանգությունը հաճելի է ինձ։ Օրհնում եմ իմ տիրոջը, որ ինձ հասցրեց ժառանգության այս վիճակին և մեծապես ուրախ եմ, որ շուտով կբաժանվեմ ու կհեռանամ այս անօրեն և ամբարիշտ աշխարհից»։ Ուրիշ շատ բան էլ խոսեց նրանց հետ, զգուշացրեց նրանց, բոլորին աղաչեց՝ զգույշ լինել իրենց անձերի նկատմամբ և տիրոջ պատվիրանները պահել։

Այնուհետև արյունն սկսեց գունդ-գունդ դուրս գալ և բերանից հոսել մոտ երկու ժամ։ Սրանից հետո նա վեր կացավ, ծունկ չոքեց և խնդրում էր թողություն շնորհել իրեն սպանողին։ Սրանից հետո աղոթքում հիշում էր բոլոր մարդկանց, մերձավորներին և հեռավորներին, անարգներին ու պատվավորներին, անգամ նրանց, որոնց բոլորովին չէր ճանաչում։ Աղոթքը վերջացնելուց հետո ձեռքերն ու աչքնրը երկինք բարձրացնելով ասաց. «Տե՛ր Հիսուս, ընդունի՛ր իմ հոգին»։ Այս ասելով հոգին ավանդեց։