Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/267

Այս էջը սրբագրված է

քավ»։ Իշխաններն ու նախարարներն էլ ասում էին. «Այժմ գիտենք, որ մեր աշխարհը կորավ, որովհետև անմեղ տեղը արդար արյուն թափվեց, մանավանդ որ նա աստծու համար մեռավ»։ Մուշեղ Հայոց սպարապետն էլ ասում է. «Աստծու սրբի արյունը անմեղ տեղը թափվեց. այսուհետև ես չեմ կարող թշնամու դեմ գնալ կամ մեկի դեմ նիզակ բանեցնել։ Որովհետև գիտեմ, որ աստված մեզ ձեռքից թողեց, մենք լքված ենք և չենք կարողանա գլուխներս վեր բարձրացնել, ես գիտեմ, որ այսուհետև հաջողություն էլ չի լինելու Հայոց աշխարհի թշնամիների դեմ, որովհետև մեր հաղթությունը նրա աղոթքից էր, որ մեռավ, և նրա տոհմի»։ Եվ Հայաստանն բոլոր սահմաններում ծայրեծայր սգում էին նրան ազնվականներն ու շինականները, Թորգոմի տան բոլոր բնակիչները, առհասարակ հայ լեզվով խոսող մարդիկ։


Գլուխ ԼԱ

ԹԵ ԻՆՉՊԵՍ ՆԵՐՍԵՍ ՀԱՅՐԱՊԵՏԻ ՄԵՌՆԵԼՈԻՑ ՀԵՏՈ ՊԱՊ ԹԱԳԱՎՈՐ

ՆԱԽԱՆՁԻՑ ՇԱՐԺՎԱԾ, ՏԱԳԱԼԵՑ ԱՅՆ ԲՈԼՈՐ ԿԱՐԳ ՈԻ ԿԱՆՈՆԸ, ՈՐ

ՍԱՀՄԱՆԵԼ էՐ ՆԵՐՍԵՍԸ ԻՐ ԿԵՆԴԱՆՈԻԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ:

Իսկ Հայոց Պապ թագավորը թեպետև սպանեց Հայոց աշխարհի Ներսես հայրապետին, բայց նրա մահով չգոհացավ, այլ ջանք էր անում խանգարել ու ոչնչացնել այն բոլոր ճշմարիտ կարգերը, որ Ներսեսը սահմանել էր եկեղեցում։ Եվ սկսեց նախանձով վարվել նրա առաջուց դրած կանոնների հետ։ Հայտնապես սկսեց հրաման տալ աշխարհին ավերել որբանոցներն ու այրիների ապաստարանները, որ շինել էր Ներսեսը զանազան գավառներում. ավերել կուսանոցները զանազան գավառներում ու ավաններում, որ նույն Ներսեսն էր շինել ու պարիսպներով ամրացրել՝ առևանգումիցս զգույշ պահպանության համար։ Որովհետև երանելի ներսեսը իր կենդանության ժամանակ շինել էր այս կուսանոցները բոլոր գավառներում, որպեսզի բոլոր հավատավոր կույսերն այնտեղ հավաքվեն, պահեցողությամբ և աղոթքով զբաղվեն, իսկ նրանց ապրուստ տան երկիրը և նրանց ընտանիքները։