Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/44

Այս էջը սրբագրված է

ՓԱՎՍՏՈՍ ԲՈԻԶԱՆԴԻ ԱՆՈԻՆԸ

Բայց որտեղի՞ց է Փավստոս Բուզանդ անունը: Սա կեղծ, հնարովի անուն չէ. այսպես հիշված է հեղինակի Գ դպրության վերջում դրված հիշատակարանում «Կատարեցաւ Երրորդ դարք... ժամանակագիր կանոնք Փաւստեայ Բիւզանդեայ ժամանակագիր մեծի պատմագրի»: Այս Փավստոսը անշուշտ այն Փավստոս եպիսկոպոսն է, որ մի քանի անգամ հիշվում է Պատմության մեջ, նա, որ սարկավագ ձեռնադրեց Ներսես Մեծին (Գ, գ), նա, որ նույն Ներսեսի մարմինը տարավ թաղելու (Ե. իդ), նա, որ Ներսեսի աթոռակիցը, գործակիցն ու խորհրդականն էր, նրա հավատարիմ մերձավորը և ազգով հոռում էր, այսինքն՝ բյուզանդացի (Զ, եզ): Գրքի անծանոթ հեղինակը այս նշանավոր եպիսկոպոսին է վերագրել իր աշխատանքը՝ իբրև Ներսեսին ժամանակակից լավատեղյակ և արժանահավատ անձի, որպեսզի իր գրվածքի վարկը բարձրանա ու վստահություն ներշնչի: Նա հետևել է իրենից հազիվ մի տասը տարի առաջ հայոց դարձի պատմությունը գրող, գուցե և իր ընկեր հեղինակին, որ նույնպիսի նպատակով իր հորինած լեգենդական պատմության վրա գրել էր Ագաթանգեղոս անունը, որ իբր թե եղել է ազգով հրամայեցի և Տրդատի քարտուղար: Եթե անցյալ դարի յոթանասնական թվականներին Գ. Սրվանձտյան եպիսկոպոսը, գրի առնելով «Սասունցի Դավիթ» ժողովրդական վեպը, կասկած էր հայտնում, որ գուցե ուրիշները կծաղրեն իր կատարած գործը, մանկամտություն կհամարեն, կարհամարհեն, որքա՜ն ավելի թերահավատ պետք է լիներ իր գործի նկատմամբ հինգերորդ դարի այս առաջին հայ բանահավաքը, որ ավելի բնական ճաշակով, բնազդով, քան գիտակցությամբ գնահատեց ժողովրդական ստեղծագործություններն ու գրի առավ: Այս պատճառով է, որ նա թաքցրել է իր իսկական անունը և ժողովածուն վերագրել է մի հեղինակավոր անվան, որպեսզի իր աշխատանքը արհամարհանքից ու կորստից փրկի:


ԲՈԻԶԱՆԴԱՐԱՆԻ ԷՈԻԹՅՈԻՆԸ

Միայն այս տեսակետից դիտելով Փավստոսի Պատմությունը, այսինքն՝ ընդունելով այն իբրև մի ժողովածու ավանդությունների ու զրույցների, կարելի է լիովին հասկանալ այս գրվածքի էությունը և բացատրել սրա տարօրինակությունները: Այս գրվածքը իսկապես պատմություն չէ, այս բառի սովորական նշանակությամբ, այսինքն՝ որևէ ազգի կյանքում որոշ ժամանակաշրջանում տեղի ունեցած անցքերի հաջորդական պատճառաբանված նկարագրությունը, այլ ժողովածու է զանազան «պատմությունների», այսինքն՝ զրույցների կամ պատմվածքների: «Փաւստոսի Բիւզանդացւոյ Պատմութիւն հայոց» թվում է հրատարակիչների կամ ընդօրինակողների հորինած վերնագիր է. գրվածքի իսկական և համապատասխան անունը եղել է «Բուզանդարան պատմութիւնք», բնորոշ հոգնակի ձևով, այսինքն՝ պատմությունների ժողովածու Բուզանդի: Նույն հոգնակի ձևը գտնում ենք գոր-