Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/57

Այս էջը սրբագրված է

Է տալիս Բյուզանդիայում՝ կայսեր հրամանով: Նկատելի է նույնպես, որ Փավստոսի երկում նկարագրված Մամիկոնյան զորավարների սխրալի գործունեությունը խորենացու Պատմության մեջ կա՛մ ուրիշ տոհմի զորավարի է վերագրված, կա՛մ լռության մատնված: Այս երևույթը բացատրում են Խորենացու՝ Մամիկոնյանների նկատմամբ տածած հակակրությամբ, ընդունում ենք, բայց միևնույն ժամանակ չպետք է անտես անենք, որ Փավստոսն էլ իր Թերթին ծայրահեղորեն համակրում է Մամիկոնյաններին և չափազանցում է նրանց կատարած դերը հայոց գործերում, այնպես որ պատմական ճշմարտությունը այլայլված է երկու հեղինակների կողմից ևս, մեկը կողմից թերագնահատվելով Մամիկոնյանների դերը, մյուս կողմից գերագնահատվելով:

Ուրեմն, Խորենացին Բուզանդարանի վրա նայել է քննադատաբար, առել է նրանից այն, ինչ որ գտել է ճշմարիտ կամ հավանական, դեն է գցել այն, ինչ որ համարել է առասպելական կամ սխալ: Այս է բուն պատճառը Խորենացու և Փավստոս Բուզանդի միջև եղած տարբերությունների, մյուս պատճառները, որ բերել են ուրիշ բանասերներ, ոչ միայն անհիմն են, այլև սխալ եզրակացությունների են հասցնում երկու հեղինակի նկատմամբ էլ: Այստեղ ցույց տրված այդ տեսակետից նայելով երկու հեղինակների միջև եղած տարբերությունների վրա՝ մենք մի խոշոր օգուտ էլ կունենանք, այսինքն՝ կտեսնենք, թե Ժամանակով Փավստոսի գրության ժամանակին մոտ մի նշանավոր հեղինակ ինչպե՞ս է ընդունել նրա պատմածների այս կամ այն մասերը, ճշմարի՛տ է համարել, թե սուտ: Իհարկե, Խորենացու քննադատությունը կարող է երբեմն նաև սխալ լինել (ինչպես հաճախ սխալ են նրա բերած մեկնությունները ժողովրդական վեպի), բայց, համենայն դեպս, նա հետաքրքրական է իբրև հինգերորդ դարի վերջերի ամենազարգացած հայ հեղինակի կարծիք պատմական այս կամ այն անցքի մասին: Ուրեմն, Խորենացու Պատմության և Բուզանդարան պատմությունների վրա չպետք է նայել իբրև հակադիր՝ իրար հերքող հիշատակարանների վրա, որոնցից մեկի հաղթությունը նշանակում է մյուսի պարտությունը, ինչպես Եղել է մինչև այժմ դարերի ընթացքում, երբ Խորենացու հեղինակությունը բարձր էր, որևէ կասկածից դուրս, իսկ Փավստոսը արհամարհված էր: Այս երկու վերաբերմունքն էլ սխալ են. Խորենացին և Փավստոսը ոչ թե հակամարտ՝ իրար հերքող հեղինակներ են, այլ պատմագրության երկու տարբեր ժանրի ներկայացուցիչներ. մեկը զուտ պատմական, որ Փավստոսից առել է զուտ պատմականը, որքան ինքն է հասկացել, իսկ Փավստոսը պատմական ավանդությունների, զրույցների և վեպերի հավաքող, որոնց մեջ բուն պատմական տարրերը ճոխացվել են, զարդարվել են ժողովրդական առասպելներով: Նրանք երկուսն էլ անփոխարինելի, անգին գանձերն են մեր հին գրականության. նրանք ոչ միայն մեկը մյուսին չպետք է տապալեն, այլև պետք է իրար լրացնեն, փոխադարձաբար պետք է ուղղեն մեկի կամ մյուսի մեջ այս կամ այն պատճառով սպրդած սխալները և նպաստեն բուն պատմական իրողությունը վերականգնելուն: