Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/71

Այս էջը սրբագրված է

եպիսկոպոսական աթոռը նստեց։ Իսկ Վրթանեսը ամուսնացած էր և անորդի։ Նա երկար ժամանակ խնդրում էր աստծուց, որ չզրկվի զավակ ունենալու շնորհից, այլ որ իր պտղից մեկը կանգնի իր առաջ տիրոջ ծառայության համար: Եվ նրա ծերության ժամանակ տերը լսեց նրա աղոթքին — նրա կինը հղիացավ և ծնեց երկվորյակ, երկու տղա. մեծի անունը նա դրեց իր հոր անունով՝ Գրիգորիս, իսկ կրտսերինը՝ Հուսիկ։ Նրանք մեծացան Հայոց թագավորի առաջ, և հոգ տարան նրանց ուսում տալու։ Հետո Գրիգորիսը՝ նրա ավագ որդին, որ վայելչակազմ, առաքինի անձ էր, հոգևոր արժանիքներով լի և աստվածային գիտության հմուտ, հասավ Վրաց ու Աղվանից կողմերի եպիսկոպոսությանը։ Նա չամուսնացավ և արդեն տասնհինգ տարեկան հասակում հասավ եպիսկոպոսական աստիճանի Վրաց ու Աղվանից աշխարհների վրա, այսինքն՝ Մասքութների սահմանների։ Այնտեղ գնալով նա եկեղեցիները նորոգեց լուսավոր կարգերով, առաջին Գրիգորի՝ իր պապի գործերին նմանվելով։

Իսկ Հուսիկին սնուցանում էր Խոսրով թագավորի որդին՝ Տիրանը. և արքայորդի Տիրանր իր դուստրը կնության տվեց Հուսիկին՝ Վրթանեսի որդուն։ Եվ մինչդեռ մանուկ էր հասակով, մի անգամ առաջին գիշերը կնոջը մերձավորվելիս կինը հղիացավ։ Նա իսկությամբ երազում տեսավ, որ երկու մանուկներ կային, որոնք արժանավոր չեն լինելու տիրոջ՝ աստծու ծառայությանը, և զղջաց, որ ամուսնացել է։ Լալիս էր, աղաչում էր աստծուն, մեծ տառապանքով ապաշխարում էր։ Նա մանկահասակ լինելով՝ թագավորից հարկադրվեց ամուսնանալու։ Բայց այս էլ կատարվում էր աստծու կամքով, որովհետև ապագայում նրանից պետք է առաջ գային գլխավոր հովիվներ, որոնք պետք է ավետարանական հրամաններին սպասավորեին հօգուտ աշխարհին և ի շահ եկեղեցիների։ Բայց նա, բացի այդ գիշերից, այլևս կնոջը չմերձեցավ։ Կինը ծնեց երկվորյակներ, ինչպես երազում նախապես տեսել էր (Հուսիկը)։ Առաջինի անունը դրին Պապ, երկրորդինը՝ Աթանագինես։

Եվ այն մի գիշերը կնոջը մերձենալուց հետո այլևս նրան չմերձեցավ՝ իր մանկական առաքինությամբ։ Նա ոչ թե ա-