Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/75

Այս էջը սրբագրված է

մեջտեղից վերացնենք ու արշավենք Հայաստան, ավարով մեր աշխարհը լցնենք»։

Թագավորը լսեց իր զորքի խոսքերին ու միտքը փոխեց։ Ապա բռնեցին մի կատաղի ձի, մանուկ Գրիգորիսին կապեցին ու կախեցին ձիու պոչից և ձին բաց թողեցին հյուսիսային մեծ ծովի առափնյա Վատնյա դաշտում, իրենց բանակից դուրս։ Եվ այսպես սպանեցին Քրիստոսի քուջ քարոզչին մանուկ Գրիգորիսին։ Ապա այն մարդիկ, որոնք Հաբանդ գավառից գնացել էին նրա հետ, վերցրին նրա մարմինը և բերին իրենց գավառը Հաբանդ, Աղվանից կողմերում, Հայաստանի սահմանում, Ամարազ կոչված գյուղը։ Նրան թաղեցին այն եկեղեցու մոտ, որ շինել էր Գրիգորիսի պապը՝ առաջին Գրիգորը, Հայաստան աշխարհի մեծ քահանայապետը։ Եվ ամեն տարի այդ կողմերի ու գավառների ժողովուրդն այդտեղ հավաքվելով նրա քաջության հիշատակի տոնը կատարում է ցնծությամբ։


Գլուխ Է

ՄԱՍՔՈԻԹՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐԻ՝ ՀԱՅՈՑ ԹԱԳԱՎՈՐԻ ԻՇԽԱՆՈԻԹՅԱՆ

ԵՐԿՐԻ ՎՐԱ ԱՎԱԶԱԿԱԲԱՐ ՀԱՐՁԱԿՎԵԼՈՒ ԵՎ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ

ՄԱՍԻՆ, ՈՒ ԹԵ ԻՆՉՊԵՍ ՆԱ ԶՈՐՔՈՎ ՄԻԱՍԻՆ ԿՈՏՈՐՎԵՑ:

Այն ժամանակ Մասքութների Սանեսան թագավորը սաստիկ բարկանալով թշնամացավ իր ազգակից Հայոց Խոսրով թագավորի հետ և հավաքեց, գումարեց բոլոր զորքերը — Հոներ, փոխեր, թավասպարներ, հեճմատակներ, իժմախներ, գաթեր, գղվարներ, գուգարներ, շչբեր, ճղբեր, բաղասիճներ, եգերսվաններ և այլ խառնիճաղանջ, թափառական վաչկատուն ցեղերի անթիվ բազմություն, որոնց առհասարակ ինքն էր իշխում։ Եկավ, անցավ իր սահմանը, մեծ Կուր գետը, սփռվեց ու լցրեց Հայոց աշխարհը։ Թիվ չկար նրա հեծյալ գնդերի բազմությանը և ոչ հաշիվ՝ տապարավոր հետևակ զորքին, որովհետև իրենք էլ չէին կարողանում իրենց զորքը հաշվել։ Բայց երբ մի նշանավոր երևելի տեղ էին հասնում և հանդես էին կազմում ըստ գնդերի, դրոշակների և վաշ-