Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/79

Այս էջը սրբագրված է

Այն ժամանակ Հայոց Խոսրով թագավորը Վրթանես քահանայապետի հետ ընկնում, թավալվում է գետնին, մեծ պաղատանքով, ջերմ արտասուքներով աստծուց (օգնություն) է խնդրում։ Սրանից հետո փութով հավաքեց իր մոտ զորքերը, մոտ երեսուն հազար մարդ, Վաշե զորավարի հետ, և գնաց նրանց դեմ բոլոր իր ավագ նախարարների հետ միասին։ Նրանք իրար հանդիպեցին Առեստ ավանում, փոքր գետակի վրա արքունական ձկնորսարանում։ Տեսան Պարսից զորքի անհամար բազմությունը՝ ինչպես երկնքի աստղերը և ինչպես ավազ ծովի ափին, որ եկել էին անթիվ փղերով ու անչափ զորքով։ Իսկ սրանք հասան, հարձակվեցին նրանց բանակի վրա, աստծուն հուսալով. խփեցին, կոտորեցին, ոչնչացրին. մեկին էլ կենդանի չթողին։ Եվ շատ ավար խլեցին նրանցից՝ և՛ փղերը, և՛ նրանց զորության ամբողջ ուժը։ Դատաբենին Վաչե սպարապետը և քաջ Վահան Ամատունին ձերբակալեցին ու բերին Խոսրով մեծ թագավորի առջև. նրան քարերով քարկոծեցին իբրև մի մարդու, որ դավաճան է եղել իր աշխարհին և իր տիրոջ գնդին ու զորքերին։ Նրա տոհմը, կինը և որդիները գտնվում էին Ռշտունյաց իշխանի ամրոցում, Աղթամար կոչված կղզում։ Վաչե սպարապետը նավ նստեց ու կղզին մտնելով առհասարակ ո՛չ էգ թողեց և ոչ արու։ Այս կերպով այդ նախարարական տոհմը ոչնչացավ, և նրա տունը գրավվեց որպես արքունի սեփականություն։

Բայց սրանից հետո էլ պարսիկները չէին դադարում Խոսրով թագավորի հետ պատերազմելուց։ Եվ նա օրենք սահմանեց, որ մեծամեծ ավագանին, աշխարհակալ, աշխարհատեր նախարարները, որոնք բյուրավոր և հազարավոր (զինվորների տեր էին թագավորի մոտ մնան ու նրա հետ շրջեն, և նրանցից ոչ ոք չգնա արքունի զորքի հետ։ Որովհետև նա վախենում էր նրանց երկմտությունից, միգուցե Դատաբենի նման վարվեն և իր դեմ ապստամբվեն։ Բայց նա վստահ էր ծերունի Վաչեի՝ Մեծ Հայքի բուն սպարապետի, զորավարի և քաջ Վահան Ամատունու վրա։ Բոլոր ավագ նախարարական տների զորքերը գումարում էր արքունի զորքերի հետ և ամբողջ գումարտակը տալիս էր սրանց ձեռքը, և սրանք շարունակ քաջաբար պատերազմում էին Պարսից սահմաններում