Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/82

Այս էջը սրբագրված է

ցին իրենց ճանապարհը։ Եվ Մեծ Մովսեսը այնպես զվարթ չէր ցնծում Սինեական լեռնից իջնելիս, թեպետ չեմ ուզում ասել, որ նրա բերածը պակաս բան էր, իսկ սրանը՝ ավելի։ Որովհետև այն աստված ատես մարդը աստծուց էր ստացել աստվածադիր հրամանները և ձեռքերին բռնած իջնում էր լեռնից։ Որովհետև այն չարագործ ժողովուրդը տիրոջից երես դարձնելով, կործանվելով՝ տիրադրուժ գտնվեց և իր ձուլածին երկրպագում էր, որով (աստծու) հրամանը բերողի սիրտը կոտրում, վհատեցնում էր, և հենց տախտակների խորտակելուց հայտնի երևում էր բերողի թախիծը։ Իսկ այս երանելուն, որի մասին այստեղ շարադրում ենք, այնպես չպատահեց, ինչպես այնտեղ եղավ. այլ ինքը և յուրայինները լցված էին հոգևոր մխիթարությամբ՝ կարծելով, որ ընդունողները հոժարությամբ և հույսով սպասում են (նրա վերադարձին) հեռավոր ավետաբեր ճանապարհից։ Որովհետև հայտնի ու անհայտ կերպով միայն մեկ ամենակարողից էին մատակարարվում շնորհներ բոլոր երկրածին ազգերին։

Եվ երբ աստծու մարդը եկավ, բերեց նոյան փրկարար տապանի փայտը,— բոլոր բանավորների ու շնչավորների ցեղերին հասած պատուհասի հավիտենական նշանը, հայրենի գործերի նշանակը,— ապա ամբողջ քաղաքը և նրա շուրջն եղած գավառները անչափ, աննման ցնծությամբ և խնդությամբ նրան ընդառաջ ելան։ Նրան համարում էին իբրև քրիստոսի առաքյալ, իբրև երկնային հրեշտակ, նրան շրջապատում էին, իրենց քաջ հովվին իբրև աստվածախոս էին համարում, փաթաթվում էին նրան, համբուրում էին նրա վաստակավոր ու օգտաբեր ոտքերի հետքերը։ Եվ նրա բերած պարգևները իբրև իրենց համար շնորհներ ընդունում էին հոժարությամբ, որ մինչև այսօր էլ նրանց մոտ պահվում է այդ սքանչելի նշանը՝ հայրապետական նոյան տապանի նշանավոր փայտը։

Սրանից հետո սքանչելի Հակոբ եպիսկոպոսը լուր ստացավ Հայաստան աշխարհից, ելավ եկավ Հայոց թագավորի մեծ ծառայի, աշխարհատեր մեծ իշխանի՝ Մանաճիրհ Ռշտունու մոտ. եկավ, մտավ նրա աշխարհը, որովհետև լսել էր նրա մասին, թե չար ու անզգամ մարդ է և սրտի անտեղի