Էջ:Gabriel Sundukian, Collected works, vol. 3 (Գաբրիել Սունդուկյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3-րդ).djvu/28

Այս էջը սրբագրված է

ՏԻԳՐԱՆ, ոտի կանգնելով:

Ջուխտ աճկիս, ախչիկ-պարուն, Հրամայեցե՛ք. ձիր խնդիրքը հրամանք է ինձ համա։

ՆԱՏՈ

Շնորհակալ իմ, պարուն. ամա հրամանքը դենը կենա, մե պստի խնդիրք է մենակ... էս սահաթիս գալիս իմ... (Մի քանի քայլ գնում է:) Համեցե՛ք նստեցեք։

Դուրս է գնում ձախ դռնից:

ՏԵՍԻԼ ԺԱ

ՏԻԳՐԱՆ, մենակ. լուռ նայում է Նատոյի ետևից. հետո:

Յարաբ էս հանգի ախչիկ էլի կու՚լի աշխրքումը՛... Սիրե ու պաշտե քանի կանաս... Ամա, Տիգրա՜ն, մուղայիթ կաց, Հըա՜ խիլքդ չտանուլ տաս քու օրումը ու ննգրտերանցումը չամանչիս. մե նմուտ էլ է չըմտեդ գցիս, վուր նա քու տիրուչ ու բարերարի կնիկն է... Դառավ վուր սրփութին է նա քիզ համա. սուրփ էլ համարե համաշա... (Գլխարկը վայր դնելով:) Չըլիմ չիմանամ՝ ուրիշ բարաթ չփիքր անիս... (Վերցնելով բաց գիրքը, լուռ կարդում է և հիանում:) Վա՜հ, վա՜, վա՜, վա՜... մտիկ, է (Կարդում է բարձրաձայն:)

Գարունքվան վախտըն լըցվիլ է,

— Էրանի ձիզ, ծաղկած վարիր.


Թե բլբուլին բազն ղրրգեցիք,

մանիշակով լիքըն սարիր.


Բաս ինչի՞ ձենըն չ՚է գալիս,

սալբու չինար, էտ ի՞նչ արիր,


Ճուխկտ բըլբուլին սըպանից՝

կարմիր վարթըն խարին մընաց։


Վա՜հ, քու հոքուն մեռնիմ, քունը, Սայաթ-Նովա... Յարար, ի՞նչ սիրտ իս ունեցի... Կ՚ոսիս՝ բլբուլը վարթի վրա նստած, իր էշխն ու մեղեթին ըլի բայաթի կանչում... Ես պիտի իմ վուխչումներուն էլ սորվեցնիմ էս գիրը, վուր նրանք էլ Սայաթ−Նովի սիրտը բռնին, նրա հոքով ըլին շունչ քաշում։

Ձախ դռնից մտնում է Նատոն: