Էջ:Gabriel Sundukian, Collected works, vol. 4 (Գաբրիել Սունդուկյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 4-րդ).djvu/123

Այս էջը հաստատված է

Մայրիկ ջան, շատ էի լսել կրակե մեքենայի մասին, բայց, Դիդիմասի ասելը չլինի, լսածը տեսածի պես չի լինի։ Երանի ինչեր ասես, որ մարդու խելքը չի հնարի։ Կաշխատեմ, գուցե որևէ կերպ բացատրեմ, թե այդ ինչ մեքենա է:

Որ չորս հազար ուղևոր էլ լինեն, 27 վերստը մեքենան նորեն կես ժամում է տանում և այնքան էլ թանկ չէ. գնալ-գալուն մեկ ռուբլի և վեց շայի վճարեցի։

Ժամը վեցին այնտեղ էինք։ Ի՜նչեր տեսա։ Երանի ի՜նչ մեծ կայարան է (տրակտիրի նման տուն է, սակայն այնպիսին, ուր տաս հազար մարդ հեշտությամբ կտեղավորվի)։ Ի՜նչ այգի, ի՜նչ երաժշտություն, ի՜նչ քեֆ։ Ոմանք ճաշում են, ոմանք սուրճ են վայելում, ոմանք` թեյ։ Ես էլ լավ քեֆ արեցի մայրիկ ջան, սակայն եթե Շանշիևների հետ չլինեի, ո՜վ ինձ ցույց կտար այն քեֆերը։ Ճիշտ է, կարիք չէի զգում ճանապարհը սովորելու, ամեն ոք կարող էր գնալ, սակայն ինչ արժեր, որ այնքան հայտնի մարդկանց հետ սեղան էի նստել և աղավարի ստաքանը ձեռիս չայ էի անուշ անում: Շանշիևի փեսան մի ժամում ինը ռուբլի ծախսեց, մի ինքնաեռ ջրի, երեսուն կտոր շաքարի, երեք թեյի գդալ չոր թեյի, մեկ կաթի ամանով կաթի համար տվեց երեք ռուբլի, վեց ռուբլու էլ կանֆետ, խաղող և դեղձ գնեց։ Այնքան ժողովրդի մեջ մեզ նման ոչ ոք չկար այնտեղ. սեղանի շուրջը տաս հոգի էինք նստած (Շանշիևի ընտանիքը) և լավ քեֆ արինք։ Շանշիևի փեսան ասում էր, եթե Թիֆլիսում հիմա իմանան, կասեն ա՜յ ռուս, մի ժամում ինը ռուբլի սպիտակ, ի՜նչ խաբար է։ Ինքը ռուս է, սակայն սրտով իսկական այդտեղի մարդ, տաս տարի այդտեղ է եղել, այժմ կնոջ հետ (Շանշիևի քույրը) և քրոջ հետ այստեղ է և երեկ պիտի գնային իրենց գյուղը` Պսկովի նահանգը։ Ինն անց կեսին նստեցինք մեքենա և տասին Պետերբուրգումն էինք:

Երկուշաբթի, երեկոյան թեյին նորից նրանց մոտ էի (Շանշիևը խնդրեց թե արի, ասում է, Ղորխմազի քեֆ անելը դիտիր) և ես էլ դրա համար գնացի:

Իրոք որ Ղորխմազը լավ քեֆ արեց, և հետո ես նվագում էի ու նա երգում էր։ Բայց թառն այլևս դուրս չթողին։ Շանշիևը ինձ խնդրեց, թե քանի Ղորխմազն այստեղ է` այստեղ թող և դու էլ հո այլևս օտար չես, ինչքան ցանկանում ես, արի նվագիր։ Ես էլ ինչպե՞ս կարող էի բերել, իմ առաջին բարեկամները նրանք են։ Մայրիկ ջան, ես նրանց տանն այնպես եմ, ինչպես այդտեղ Հեքիմաղանց տանն էի։ Այս ամենը նրա համար եմ գրում, մայրիկ ջան,