Էջ:Gabriel Sundukian, Collected works, vol. 4 (Գաբրիել Սունդուկյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 4-րդ).djvu/22

Այս էջը հաստատված է

Դե՛, հիմա ականջ արեք, մի առ մի թվեմ, թե ինչեր եմ տեսել ես այստեղ, եթե, իհարկե, չեք ձանձրանա. սակայն գիտեմ, որ իմ գրածներից Դուք չեք ձանձրանա։ Մայրիկ ջան, ամսիս 15֊ին, հինգշաբթի օրը, իհարկե ընկերներիս հետ միասին, նախ և առաջ այցելեցինք Ուսպենսկու տաճարը: Միշտ այս տաճարումն են օծում թագավորներին։ Երանի իմանաք, թե ինչ տաճար է. հին կառուցվածք է, սակայն որ կողմը նայեք, բոլորը ոսկի է այս եկեղեցում։ Երբ մտանք, տեղ չգտանք, որ կարողանայինք առաջին մասն անցնել։ Չափազանց շատ ժողովուրդ կար, բայց երբ վանահայրը մեզ տեսավ, առաջ կանչեց և հանձնեց թաղայինին, որը մեզ անցկացրեց գեներալների կանանց ու բարձրաստիճան մարդկանց մոտից և բոլորից առաջ կանգնեցրեց։ Մի փոքր անց եկավ նաև քաղաքացիական նահանգապետը և կանգնեց մեզ մոտ։ Նմանապես բազմաթիվ բարձրաստիճան մարդիկ զարմանալիորեն պատվում են մեզ այստեղ: Այնպիսի հարգանքի են մեզ արժանացնում այստեղ, ինչպիսին թագավորներին են արժանացնում։

Այս եկեղեցուց հետո եղանք Սուխարևի բաշնյայում (աշտարակում), որ կառուցված է զանգակատան նման, և մեջը քսանչորս արշին բարձրությամբ շատրվանի պես ջուր է բարձրանում և լցվում հսկայական ջրավազանը։ Հենց որ այս ջրով աշտարակը ներս մտա, զինվորները ջուր հրամցրին, իրենց մտքում իշխանի տեղ դնելով ինձ։ Մոսկվայում երեք գետ կա, սակայն ամենուրեք շատրվաններ են կառուցված և մարդիկ այնտեղից են ջուր խմում։

Ճիշտն ասած, ես էլ եմ մեղավոր։ Ես Ձեզ գրել էի, որ ընկերներս կառքով են շրջում, սակայն ամոթ կլիներ, որ, երբ հինգշաբթի օրը ընկերներս մեկական ռուբլի հանեցին կառքով շրջելու համար, ես ևս չմասնակցեի, ժլատ կանվանեին ինձ, թեև, եթե կարիք չունենամ, ես փողիս երբեք ձեռք չեմ տա։ Հինգշաբթի ամբողջ օրը կառքով էինք շրջում քաղաքի տեսարժան վայրերը, որովհետև տեսարժան վայերը իրարից հինգ-վեց վերստ հեռավորության վրա են։ Բացի որանից, չէր կարելի թատրոն չգնալ, քանի որ բոլորը, մեծ թե փոքր, գնացին։ Բայց ճիշտ ասած, թատրոնը ինձ և Սարաջովին էժան նստեց, չնայած մեկ ռուբլի հիսուն կոպեկ վճարեցի ես, նույնքան էլ Սարաջովը, նախ այն պատճառով, որ թատրոն տեսնելն արժեր, ինչպես խաղը, այնպես էլ ինքը՝ թատրոնը։ Մեկ պիտի տեսնեք, թե ինչպե՜ս են կառուցված կայսերական օթյակները կամ ի՜նչ մեծ թատրոն է։ Վեց հարկանի շենքի բարձրություն ունի, և ներսը ամենաքիչը վառվում է յոթ հարյուր լամպ։