Էջ:Gabriel Sundukian, Collected works, vol. 4 (Գաբրիել Սունդուկյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 4-րդ).djvu/33

Այս էջը սրբագրված է

տալիս են մի գերմանական բուլկի և դրանով ինչպես կուզես, այնպես հագեցրու փորդ։ ճաշն էլ ժամը երեքին է։ Մեկ տարվա համար` երեք շապիկ, երեք շապիկի ընկեր, երեք բամբակե անձեռոյ, չորս զույգ բամբակե գուլպաներ, մի քառակուսի սև փողկապ: Զեզ ճիշտն ասեմ, շապիկն ու վարտիկը հագնելու բան չէ, մանավանդ ինձ համար, որ այնքան քնքշորեն եք մեծացրել։ Ամսական` ութ մոմ, իսկ ինձ երեք գիշերվա մեջ երկու մոմ հազիվ է բավականացնում։ Տարեկան` մեկ սերթուկ և երկու տարում` մեկ գլխարկ։ Նույնպես երկու տարում` մեկ համազգեստ, չորս տարում` մեկ շինել, շպագա (սուսեր), և տարեկան երկու զինվորի սապոգներ մեկ թաթամասերով, երկու երեսսրբիչ։

Մայրիկ ջան, Դուք լավ գիտեք, որ բավական չէ և, բացի այդ, դրանք հագնել հնարավոր չէ, որովհետև մահուդը ուղղակի սալդաթի համար է, իսկ համազգեստի օձիքը յոթ ռուբլուց պակաս չեն կարում։ Մայրիկ ջան, բոլոր ուսանողներն ասում են, թե միայն համալսարանում վեց թուման արծաթ դրամ կգնա։ Սանրն ու խոզանակն էլ ես պետք է գնեմ։ Պետական են միմիայն սենյակները, ուսումը և ճաշը, մնացածը համարյա մեր միջոցներից պիտի հոգանք։

Դրանից բացի, մայրիկ ջան, ինձ հարկավոր է փոստի թուղթ։ Շարաթական երկու աբասի կամ մի փոքր պակաս փոստի դրամի կամ ուտելիքի կարիք կզգամ կամ այլ տեսակի ծախսեր կունենամ։ Ուտելիք ասածս` երեկոյան թեյի բուլկին է, և չկարծեք թե կանֆետեղեն կամ ձմերուկ և այլ մրգեր եմ գնելու։

Այսօր էլ անասելի հիմարություն թույլ տվի ինձ։ Չգիտեի, որ տոն օրերին ժամը մեկին են ճաշում, այդ պատճառով էլ ես և իմ ընկերները մինչև ժամը երկուսը Արզանովի մոտ ժամանակ էինք անցկացնում։ Երբ եկանք և տեսանք, որ բոլորը ճաշել են, Մելիքովը մեզ տարավ հյուրանոց` ճաշելու և մարդագլուխ տասը շայի ծախսվեց։ Այս լավ օրինակ էր, սրանից հետո, աստված վկա, նման տեղեր երբեք չեմ գնա, մանավանդ որ, եթե մեր պետն իմանա, մեզ համար վատ կլինի։ Մայրիկ ջան, վստահ եղեք, ես Ձեզանից ոչինչ չեմ թաքցնի և որտեղ ինչ ծախսել եմ, մյուս փոստով մանրամասնաբար Ձեզ իրազեկ կանեմ։

Այժմ մոտս մնում է տասնութ ռուբլի։

Մայրիկ ջան, այս չորեքշաբթի գիշերը բաղնիք էլ գնացի և բաղնիքից հետո առաջին քնելս էր համալսարանում։ Մայրիկ ջան, շատ բան ունեմ Զեզ գրելու, սակայն մոռանում եմ, ուստի ինչ որ ցանկանում եք` հարցրեք։

Այժմ մնաք բարով, մայրիկ ջան։