Էջ:Gabriel Sundukian, Collected works, vol. 4 (Գաբրիել Սունդուկյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 4-րդ).djvu/4

Այս էջը հաստատված է

ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԿՈՂՄԻՑ

Ներկա՝ չորրորդ հատորով ավարտվում է Գ. Սունդուկյանի «Երկերի լիակատար ժողովածուի» ակադեմիական հրատարակությունը:

Հատորի մեջ զետեղված նյութերը, չնչին բացառությամբ, անտիպ են: Սունդուկյանի ընտանիքում անխախտ սովորություն է եղել հավաքել և խնամքով պահպանել ընտանեկան և այլ բնույթի նամակներ, գրություններ, թղթեր: Այսպիսով, ավելի քան 120 տարվա ընթացքում գոյացել է մի հարուստ արխիվ, որի մեջ իր արտացոլումն է գտել դրամատուրզի, ինչպես և նրա ծնողների ու զավակների անձնական և հոգևոր կյանքը:

Այս հատորում այդ հարուստ արխիվից օգտագործվել են միայն դրամատուրգի գրչին պատկանող այն նյութերը, որոնք առավել արժեքավոր են համարվել նրա դիմանկարը ամբողջական դարձնելու տեսակետից:

Հայկական ՍՍՌ ԳԱ Գրականության և արվեստի թանգարանում պահպանվող նյութերից բացի հատորում օգտագործվել են նաև Լենինգրադում գտնվող Մարզային պատմական և Կենտրոնական արխիվներում հայտնաբերված փաստաթղթերը: Լենինգրադի արխիվից են հանվել Սունդուկյանի թեկնածուական դիսերտացիան և այլ նյութեր: Հատորում տեղ գտած նամակներն ու գրությունները բազմազան են նաև լեզվական տեսակետից. նրանք գրված են և՛ գրաբար, և՛ թիֆիսահայ բարբառով, և՛ մաքուր գրական լեզվով, ինչպես նաև ռուսերեն, վրացերեն, ֆրանսերեն, արաբերեն, ֆարսերեն: Օտար լեզուներով գրված բոլոր նյութերը տրվում են նախ բնագրի լեզվով, ապա հայերեն թարգմանությամբ:

Վրացերեն նամակների թարգմանությունը կատարել է Հովհ. Ագուլյանը, մասնակի աշխատակցությամբ Մ. Իսրայելյանի և Տ. Կարապետյանի: Ֆրանսերեն նամակները թարգմանել է Լ. Սամվելյանը: