Էջ:Gabriel Sundukian, Collected works, vol. 4 (Գաբրիել Սունդուկյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 4-րդ).djvu/50

Այս էջը սրբագրված է

Մայրիկ ջան, մեր ուտելիքի մասին եք հարցնում. շատ լավ ճաշ է տրվում մեզ, ամեն անգամ չորս կամ հինգ տեսակ և այն էլ ճաշ չի շինում, որ կարկանդակ չհրամցնեն մսի, մուրարայի կամ խնձորի։

Մայրիկ ջան, հետաքրքրվում եք, թե ովքեր են ինձ հետ բնակվող ընկերներս. կարծեմ մի անգամ գրել եմ, որ մենք բոլորս համարյա միասին ենք, քանի որ երկու շատ մեծ դահլիճներ են, որոնք սենյակների են վերածվել և դրանց դռները մեկը մյուսի մեջ են, սակայն այդ դռները չեն փակվում։ Յուրաքանչյուր սենյակում հինգ կամ վեց, իսկ իմ սենյակում յոթ հոգի ենք, վեց հոգի մենք` վրաստանցիներս, իսկ մեկը ռուս է։

Եթե կուզեք` ահա ավելի լավ իմացեք։
Առաջին համարը իմ սեղանն է։
Այս ամենը ավելի լավ կնկարեմ և Ձ՛եզ կուղարկեմ։

Մայրիկ ջան, թեյի մասին եք հարցնում։ Թեյը և շաքարը մենք ցած ենք տանում ընդհանուր դահլիճը (որտեղ ճաշում ենք) ու այնտեղ մեր թեյնիկը թեյ լցնում և ապա մեզ սպասավորող թեյնիկը լցնում է եռացած ջրով և բերում մեզ մոտ։ Այս ձևով թեյ ենք խմում։

Մայրիկ ջան, հրամայում եք, որ փողը կանոնավոր կերպով ծախսեմ։ Դուք լավ գիտեք, թե ես ինչպես եմ գնահատում փողը. մինչև շատ անհրաժեշտ չլինի, չեմ ծախսի։ Մայրիկ ջան, ասում եք, որ գինի առնեմ ու խմեմ։ Նախ այն, որ կարող եմ առանց գինու էլ մնալ, իսկ եթե հնար էլ ունենամ, ո՞նց առնեմ, եթե շիշը մի ռուբլուց պակաս չեն տալիս։

Մայրիկ ջան, ամեն բառի գլխին գրում եք` մեռնեմ քեզ, որդի։ նման խոսքեր չեմ կարող տանել և եթե ինձ սիրում եք, նման բան այլևս չգրեք։ Միայն Դուք աստծուց կյանք խնդրեք Ձեզ համար, երևի մեզ էլ չի կորցնի աստված։

Այժմ, մայրիկ ջան, շնորհակալություն եմ հայտնում բոլորին բարևի համար և իմ փոխարեն սիրով բարևներս հաղորդեք բոլորին, նույնպես և Ղաղոյին։ Հեքիմ Իվանեին ևս շնորհակալություն հայտնեք և տների մասին էլ տեղեկություն տվեք: Մնաք բարով, մայրիկ ջան, Ձեզ մատաղ, իմ մասին մի մտահոգվեք, ես լավ եմ։

Ձեր խոնարհ որդի` Գաբրիել

<Հ. Գ.>

Մայրիկ ջան, դեռևս կարգին ուսանող չեմ, թեև արդեն հաճախում ենք դասարանները և սովորում։ Դեռևս իմ, հագուստն եմ կրում: