Էջ:Gabriel Sundukian, Collected works, vol. 4 (Գաբրիել Սունդուկյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 4-րդ).djvu/58

Այս էջը սրբագրված է

Մի խոսքով, երեք մսխալի համար պետք է վճարեք երկու, շայի, իսկ եթե մի փոքր ավելի է` մեկ աբասի:

(Մայրիկ ջան, ներեցեք, որ հասարակ բանեը շատ եմ գրում Ձեզ և նորից եմ ասում` շաբաթական մեկ նամակ գրեք)։

Սիրելի մայրիկ ջան, մեր համալսարանի մասին եք հարցնում, խնդրեմ, մանրամասնաբար կգրեմ Ձեզ:

Ամբողջ համալսարանը վեց ֆակուլտետ ունի և մեր ֆակուլտետը երկրորդն է²։ Մեր ֆակուլտետում շատ կան այստեղացի ռուսներ և, ինչ խոսք, որ նրանք ևս, մեզ նման, պիտի սովորեն արաբերեն, ֆարսերեն և տաճկերեն, իսկ մենք բացի դրանցից պիտի սովորենք թուրքերեն, հայերեն և վրացերենու բոլոր օրենքները: Այս տարի լեզուներից միայն արաբերեն ու վրացերեն ենք սովորում։

Մայրիկ ջան, համալսարանը գիմնազիայի նման չէ, որ տարբեր դասարաններ լինեն, սակայն այստեղ այնպիսի դրվածք գոյություն ունի, որ ինչ ցանկանամ, կարող եմ սովորել և իմ հիմնական առարկաներից բացի, ինչ որ հավանում եմ, եթե, իհարկե, ժամանակ ունեմ և մեր պրոֆեսորը բացակա է, կարող եմ մտնել և լսել։ (Օրինակ` ես պարտավոր չեմ սովորել թռչունների կամ գազանների պատմությունը, թե որտեղ ինչ թռչուն կամ գազան կա, կամ որ թռչունը քանի ոսկոր ունի, կամ մարդու մարմինը քանի մասից է բաղկացած և այլն, սակայն քանի որ ցանկանում եմ սրանք իմանալ, մտնում եմ աուդիտորիա (դասարան) և լսում, ինչ կուզի լինի, գոնե որևէ բան կմնա ուղեղումս։ Ուրիշ շատ այլևայլ գիտելիքներ էլ կան, որոնք պարտադիր չեն ինձ համար, սակայն հենց որ ժամանակ եմ ունենում, ինձ ինչ կպակասի, որ ժամ ու կես լսեմ)։

Այն էլ պիտի ասեմ, մայրիկ ջան, որ ինչ պարտավորություն որ ունեմ, քննություններին այն են հարցնում։ Ուսումն սկսվում է առավոտյան ժամը 9-ին և վերջանում ժամը 3-ին։ 9-ից մինչև 3-ը չորս դասախոսություն է (առաջինը` 9-ից մինչև 11-ի կեսը, երկրորդը` 11-ի կեսից մինչև 12-ը, երրորդը` 12-ից մինչև 2-ի կեսը և չորրորդը 3-ի կեսից մինչև ժամը 3-ը): Մեր ֆակուլտետում միայն չորեքշաբթի օրերն ունենք չորս դասախոսություն միանգամից, իսկ մյուս օրերին` երբեմն երեք, երբեմն երկու և երբեմն էլ մեկ, իսկ մնացած ժամանակ, մայրիկ ջան, ես և ընկերներիցս ոմանք հաճախում ենք մյուս ֆակուլտետների դասախոսություններին, այնպես որ, ամենայն օր ժամր 9-ից մինչև 3-ը դասախոսությանն եմ։ Բացի դրանից, մայրիկ ջան երկուշաբթի, երեքշաբթի և հինգշաբթի օրերը ժամը 5-ից մինչև 7-ի կեսը, մեզ համար (ովքեր Թիֆլիսից են) հատուկ վարպետ է գալիս, որ ռուսաց լեզուն լավ սովորենք։