Էջ:Gabriel Sundukian, Collected works, vol. 4 (Գաբրիել Սունդուկյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 4-րդ).djvu/79

Այս էջը սրբագրված է

Իսակիևսկի տաճարը, որ իր բարձրությամբ և վեհությամբ երրորդ տաճարն է ամբողջ Եվրոպայում։ Ապա թեքվում եմ հրապարակի ձախ կողմը և կանգնում կայսերական պալատների դիմաց։ Մեկ մտածիր, Հռիփսիմե ջան, թե այն րոպեին իմ սրտի հետ ինչ է կատարվում. որտեղ ծնվածս, այժմ որտեղ եմ կանգնած, ով եմ և ում պալատների առջև եմ կանգնած։ Ինչպիսի տեսարաններ կան այս մի տեղում: Երկար ժամանակ կանգնած նայում եմ, նայում, ապա անցնում դեպի Նևսկի պրոսպեկտը։ Երանի դու անցնես այս փողոցով։ Նևսկի պրոսպեկտը այնպիսի փողոց է (դրախտ է), որ հինգ վերստ երկարություն ունի և ծայրե ի ծայր զարդարված է։ Սկիզբ է առնում կայսերական պալատներից և ով գիտե, թե ուր է տարածվում: Նույնիսկ մինչև վերջ դեռ չեմ եղել: Աջ կողմի առաջին խանութում աշխարհի ինչ տեսակ նկարներ ասես, որ չկան ապակյա դռներից կախված։ Որտե՜ղ ես, Հռիփսիմե ջան, իսկ ձախ կողմի առաջին խանութը Սունդուկովի խանութն է, դարձյալ որտե՜ղ ես, Հռիփսիմե ջան։ Դրսից արդեն ինչեր ասես, որ չեն երևում, էլ ի՜նչ շորացու, ի՜նչ վերարկուներ, ի՜նչ գոտիներ. այն ամենը, ինչ կինը հագնելու քմահաճույք ունի, այդ ամենը կա այստեղ։ Հետո մի քայլ կանես, նորից նոր բաներ։ Դարձյալ, որտեղ եք դուք։ Ոչ, հնարավոր չէ ամեն ինչի մասին գրել. իմ գրելով զուր տեղը Պետերրուրգի վարկն եմ գցում: Նկարագրածներս սոսկ խանութներ չեն։ Բոլորն էլ հինգ-վեց հարկանի տներ են, որոնցից յուրաքանչյուրում ութսուն-հարյուր կենվորներ են բնակվում` բոլորն էլ իշխաններ, կոմսեր կամ աստիճանավորներ։

Քո եղբայր` Գաբրիել