Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/100

Այս էջը հաստատված է

ժամանակ կանչում էր Արությունին և հարցնում արդեն սովորած դասերից:

Այսպես. տեր հայրը մի քանի բառ հոլովել ու մի քանի բայ խոնարհել տալուց հետո հարցնում էր Արությունին.

— Ի՞նչ կնշանակե բառս՝ վարունգ:

— Խիա՛ր,— պատասխանում է Արությունը:

— Խարբուզակին գրաբառ ի՞նչ կասեն.

— Սե՛խ:

— Ձմերուկի՞ն:

— Մեղրա՛պոպ:

— Ըստ մասանց բանի զի՞նչ է բառս «հուշկապարիկ»:

— Է անուն,— պատասխանում է Արությունը, բայց քեթխուդեքն ուզում են իմանալ, թե ի՞նչ ասել է «հուշկապարիկ». ընդհատում են տերտերի հարցաքննությունը և խնդրում են, որ նա առաջ մեկ բացատրե այդ բառի ստուգաբանությունը: Տեր հայրն իսկույն նույն բառի նշանակությունը հարցնում է Արությունին, որով ուզում է ցույց տալ, թե այն, ինչ որ իրանից են ուզում իմանալ, իր աշակերտն էլ գիտե:

— Ի՞նչ ասել է «հուշկապարիկ», Արություն:

«Հուշկապարիկ» են ասվում այն կենդանիքը, որոնք կեսից վեր ուրիշ կենդանի են, կեսից վայր՝ ուրիշ: Օրինակ՝ կան այնպիսի կենդանիք, որոնք գոտկից վերև կնկա նման են, իսկ գոտկից ներքև՝ ձկան, թռչունի, իշի և այլն:

Այս բացատրությունը լսելով քեթխուդաներից շատերը զարմանում էին, իսկ ավելի մեծերը այդպես բաներ շատ լսած լինելով՝ շատ չէին զարմանում և ասում էին.

— Աշխարհքումս ինչ ասես, թե չկա. ասած է՝ «Շատ ապրողը չի շատ բան գիտենալ, շատ ման եկողը կգիտենա»: Մեկ անգամ մի մղդսի էր եկել մեր գեղը, էլ աշխարհք չէր թողել, չեմ էլ ման էր եկել, Հնդստան, Արաբստան, Հաբեշստան, Չինմաչին, Փռանգստան... մի խոսքով՝ էլ աշխարհք չէր թողել, չիմ էլ ոտի տակն էր տվել: Ի՞նչ ասես, թե նրա գլխովը չէր անց կացել: Է՛ն բաներն էր պատմում, որ լսելիս մարդի մազերը փշաքաղվում էին: Ասում էր մի աշխարհք ընկա, էնտեղի մարդիքը շների նման էին...

— Էդ ճշմարիտ է, «շնագլուխների» աշխարհքն է եղել,– ասաց տեր հայրը: