Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/106

Այս էջը հաստատված է

է, ման է գալիս նրանում, որ Մանվելին գտնի, տեսնում էր նրան իրանից հեռու կանգնած, կանչում էր, բայց Մանվելը չէր լսում, սկսում էր բարձր բղավել, և իր ձայնն ինքը լսելով՝ զարթնում էր և ափսոսում, որ զրկվեցավ Մանվելի տեսությունից։ Շուտով աչքերը խփում էր, որ էլի պատահի Մանվելին, բայց՝ իր ցանկության հակառակ՝ պատահում էր օձերի, վիշապների, որոնցից սաստիկ վախենալով՝ սկսում էր փախչիլ, բայց օձերը նրա չորս կողմը կտրում էին, նա մնում էր շփոթված, ուզում էր թռչիլ դեպի վերև թռչում էր թռչունի պես։ Թռչում էր Արությունը և սկսում էր բարձրից ծիծաղել օձերի վերա և նրանց գլխին օփսուն կարդալ, որ սովորել էր տեր հորից։ Այսպես լոդալով օդի մեջ, իջնում էր Արությունը մի բլուրի կամ բարձր քարի վերա, բայց իսկույն զարթնում էր և ափսոսում, որ զրկվեցավ թռչելուց։— Ինչո՞ւ, ասում էր, դեպի քաղաք չէի թռչում։ Դարձյալ աչքերը խփում էր, որ երազի մեջ թռչի դեպի քաղաք, բայց, սրա հակառակ, իր գրքերի մեջ գտնում էր զանազան ձեռագիր մատյաններ, որոնց մեջ դրված էին լինում փակագծերով արձանագրություններ, խրթին շարադրություններ, զարհուրելի ճիվաղական պատկերներ, թալիսմաններ, անըմբռնելի աղոթքներ, չարչարվելով, տանջվելով կարդում էր, բայց ոչ մի բառ կարդացածիցը չէր հասկանում. սաստիկ նեղանալուցը հանկարծ զարթնում էր և տեսնում, որ շատ քրտնել է։ Հիշում էր իր երազը, բայց ոչ մի բառ կարդացածիցը միտը չէր ընկնում։

Այսպես մի քանի ամիս անցած՝ տեր հայրը մի երեկո հայտնեց Արությունին, թե վաղը առավոտյան պիտի երթա քաղաք, և նրան էլ ուզում է հետը տանել, ցույց տալ քաղաքը։

Արությունի երեսի գույնը թռավ սաստիկ ուրախանալուցը. և մի քանի րոպե ոչինչ չխոսեց, կարծելով թե երազումն է լսում այս խոսքերը։ Էլ ընթրիք անել չկարողացավ, ուրախությունը հացի տեղ բռնեց, բայց վերահաս գիշերը տարի դարձավ Արությունի համար, նրա քունը երկինք փախավ։

Վերջապես լուսացավ, տեր Պետրոսը հեծավ ձին, Արությունին էլ առավ գավակը և մի քաղցր խոսակցությունով վարժապետ ու աշակերտ ճանապարհ ընկան դեպի Թիֆլիս։

— Տերտե՛ր… (Բան է ուզում հարցնել Արությունը)։

— Ի՞նչ է, որդի… լանդու լանգու մի՛ անիլ, թամքը կծռես ձիու մեջքին կդիպչի։