Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/111

Այս էջը հաստատված է

ինչպես մեծերի, նույնպես և փոքրերի աշխարհում կան զանազան տիպեր, որոնք թեև դեռ լավ չկազմակերպված, բայց շատ լավ որոշվում են միմյանցից։ Պատանի տաղանդը տիրացուի կամ խալիփայի գիտությունը սեփականելուց հետո համարվում է ուսումնավարտ։ Գնում է նա այնուհետև տերտերի հետ թաղման, մկրտության, հարսանիքի, մի խոսքով վաղօրոք ընկնում է հասարակության մեջ, ընկնում է ծերերի շարքը, քեթխուդաների հետ է նստում վեր կենում։ Այս հանգամանքից մեծ օգուտ է քաղում նրա հիշողությունը, նրա դյուրազգացությունը, նա դառնում՛ է շատերի խորհրդակիցը, երազների մեկնողը, բախտի նայողը, նամակի, պարտամուրհակի, պայմանաթղթի գրողը։ Պատահում է սրա-նրա տանը հին գրքերի, որդոց որդի ժառանգություն մնացած, որ զգուշությամբ և ահ ու դողով պահում են այն հուսով, որ իրանց տանից երբևիցե մինը կարդալ կսովորի և մեծ օգուտ կքաղի նրա հոգեշահ խրատներից կամ խորհրդավոր գիտություններից։ Այս գրքերն առհասարակ լինում են կրոնական կամ իբր բարոյական բովանդակություն ունեցող գրքեր։ Հավաքում է պատանին այդ տեսակ գրքերը և սկսում է գիշեր–ցերեկ կարդալ։ Մոռանում է տնային գործը, ուշ չի դարձնում ոչ մի բանի վերա․ գիշերը նրան ճրագ չեն տալիս, նա կարդում է կրակի շեղջի լուսով։ Տաքանում է նրա գլուխը, վառվում է երևակայությունը, ավելանում է ուսման փափագը, հղանում է վերջապես իր ուսման ծարավը զորացնելու զանազան հնարքներ, որոնցից մենահեշտը և դյուրահասը համարում է վանականությունը։ Եվ նա հասնում է իր այս նպատակին։ Մի քանի տարվա մեջ ամբարվում է բազմակողմանի առասպելներով և սև գլխով վերադառնում ու սևացնում շատերի խելքն ու միտքը։ Դյուրազգաց բնավորության վերա մեծ ազդեցություն են գործում ամենահասարակ համարված դեպքերը․ նրան պատահած այս կամ այն գաղափարի տեր մարդը, այս կամ այն ուղղություն ունեցող գիրքը տակնուվրա է անում նրա մտավոր աշխարհը։ Այսպիսի դիպվածների ենթարկվել էր և մեր տեր հոր հանճարը։ Մտաբերելով իր երբեմն ունեցած ուսման փափագը, նույնը տեսնում էր այժմ և Արությունի մեջ և ցավակցում նրան։ Նա չէր կարող երևակայել, որ Արությունի ապագա վարժապեաները կարող են բոլորովին այլ ուղղության և գաղափարի տեր մարդիկ լինել, որոնք ոչ միայն չեն շարունակիլ իր կիսատ թողածը, այլ