Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/124

Այս էջը սրբագրված է

— Վո՛ւյ քոռանամ ես, ով գիտե ճամփեն կորցրել էր…

— Դե համբերիր ասեմ է՜… Արություն, ասում եմ, էդ դո՞ւ ես… էլ ի՞նչ ասեմ, էլ ո՞վ կարա մեր ուրախությունը լեզվով ասել: Վերջապես հարցնում եմ, թե՝ էդ ինչ է, ո՞ւր ես տանում: Նա թե՝ «Գործակալի մոտ պիտի տանեմ էս բաները, տունը չեմ գտնում»… Խուրջինը ձեռիցն առա, ուսովս գցեցի, ասեցի՝ դու հոգնած կլիս, թող մի քիչ էլ ես տանեմ: Բաները տարանք գործակալենց տունը, էնտեղից էլ գնացինք թավլեն գտանք: Տերտերին ասում եմ՝ մենակ ինչու էիր ուղարկում էս խամ երեխին. նա թե՝ «Ճշմարիտ է, ուղարկեցի, բայց մեկ էլ փոշմանեցի, ասած է՝ «երեխին բանի դիր, եդնեն գնա»… Ապրես, ապրես, ասում է, որ Արությունիս օգնել ես»: Հետո հարցրեց, թե՝ դու ո՞ւմ տղեն ես, ես էլ ասեցի, նա էլ գլխիս պահպանիչ ասեց, շատ լավ տերտեր է…

— Հետո ո՞ւր գնացին, բա ինչո՞ւ չբերիր Արությունին…

— Հետո նրանք գնացին Օվակիմենց տունը, ես էլ՝ միտս չընկավ, որ ուրիշի տուն են գնում, ինքս էլ գնացի Արությունի հետ: Ուզեցի էնտեղից շուտ գամ, քեզ իմաց տամ, Սոփիոն չթողեց, թե՝ կաց Արությունի մոտ, միասին չայ կխմեք… Շատ լավ կնիկ է էդ Սոփիոն… Օվակիմն էլ է լավ մարդ, ասում են, շատ գիտուն է… Արությունից մի քանի բան հարցրեց. Արությունն էլ շատ լավ պատասխան տվավ… արա ի՞նչ պիտի ասեն նրան, որ նա չգիտենա, աշխարհքիս տակ ու գլուխը գիտե… Օվակիմը շատ գովեց. «Ապրե՛ս, ապրե՛ս, ասեց, ես գիտեի, որ դու խելոք տղա պիտի դառնաս, ասած է՝ լավ եզը մոր ծծին կերևա, լավ երեխեն՝ օրորոցումը»…

— Դե աչքդ լուս, Օսանա,— ասաց Հոռոմսիմը:— Հիմի ախպերդ եկավ, էլ էնքան չես տխրիլ, պահիր մոտդ, Մանվելի հետ միասին կերթան Վանքի ուսումնարանը… Դե, մնա՛ս բարով, հիմի սկեսուրդ կգա, կասի՝ էս ի՞նչ է, միշտ մեր տանն է նստած, ով գիտե՝ ինչե՜ր կըլի խրատ տալիս հարսիս…

— Ես հիմի կերթամ կտեսնեմ ախպորս, թե որ տերտերը կթողնի, կբերեմ ինձ մոտ… Ապրե՜ս, ապրե՜ս, Մանվել ջան, որ ինձ ուրախացրիր… Ժամաշապիկդ չեմ մոռանալ, ասածս ասած է…

— Քեզանից ժամաշապիկ չեմ ուզում, միայն թե Արությունին պահես մոտդ, էլ չթողնես գեղը գնա,— ասաց Մանվելը և դուրս գնաց քրոջ հետ…