Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/125

Այս էջը սրբագրված է
Ե
ՆԱԽԸՆԹԱՑ ԳԼԽԻ ՍԿԻԶԲԸ

Շաբաթ երեկոյին Հավլաբարի մեյդանից մոտիկ տներից մինի պատշգամբի վերա նստել էր Արությունը և անակնթարթ նայում էր մեյդանում անց ու դարձ անող մարդկանց, որոնցից որը դրոշկում նստած, փափախը թեք դրած, պապիրոսը բերնին՝ շտապեցնում էր դրոշկապանին, որը ոտով էր վազում դես ու դեն:

Քիչ-քիչ մութը վրա հասավ, մեյդանի չորս կողմով շարված դուքաններում սկսան վառվիլ ճրագները և կշեռքները մին քան զմյուսը բարձր ձայնով չրխկալ: Որն սկսավ կանչել— «Մոթալի՜… կա՛յի մոթալի՜…», որը՝ «Խրամուլի՜… խրամուլի՜…», որն էլ՝ «Աբա՜, ահա՜» բղավելով՝ զրնգացնում էր կախ տված փոքրիկ զանգակը և կշեռքը դարտակ չրխկացնում…

Ով ինչ բարիք որ ուներ վաճառելու, յուր ձայնի ուժովը հրավիրում էր գնողներին: Կանաչի ծախողն անգամ, յուր ձայնի բոլոր ուժը մի տեղ հավաքած, բղավում էր.— Լա՛վ կանանչին, լավ կանանչին, օ-հո-հո-հո… սրա՜ն է՜… Մի բարակ և քաղցր եղանակ միայն մանրուքի խանութների առջևից էր լսվում, ուր նստած էին երեխայք և մի սեղան՝ խունկ ու մոմ վերան՝ առաջները դրած՝ հրավիրում էին տուն գնացող պարոն ուստաներին, որ խունկ ու մոմ առնեն և հրավիրում էին երգելով՝

Համեցե՜ք, ո՜ւստե՜ք,
Խունկ ու մոմ տա՜րե՜ք,
Հոգու վարձք ա՜րե՜ք…

Այսպես, բարակ ու հաստ, քաղցր ու կոպիտ, բարձր ու ցածր ձայները, դրոշկաների գռգռոցի ու զանգակների ղողանջյունի հետ խառնված՝ դրմբացնում էին քաղաքը և ապշեցնում Արությունին: Այն՝ որ մի նուրբ ճաշակ ունեցողին կարող էր ձանձրություն պատճառել, Արությունին հիացնում էր: Նա ինքն իրան մոռացել էր և դեռևս շատ կնստեր դրսում, եթե ներսից Օվակիմը չկանչեր նրան:

- Արի՛ ներս, Արություն, արի,— ասաց Օվակիմը.— ես