Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/128

Այս էջը սրբագրված է

— Քեզ եմ բաշխել էդ գիրքը,— ասաց Օվակիմը,— քանի որ փոքր ես, էդ գիրքը քեզ համ կուրախացնի, համ կտրտմացնի. բայց երբ որ կմեծանաս, էն ժամանակն էլ ուրիշ տեսակ մտածմունքների մեջ կձգի քեզ…

Արությունն իր հոգու մեջ անչափ շնորհակալ եղավ Օվակիմից, բայց բերանացի չկարողացավ արտահայտել:

Այս միջոցին ներս մտավ Օվակիմի կինը՝ Սոփիոն, նրա հետ մտավ և մի ուրիշ ջահել կինարմատ մաքուր ու պարկեշտ հագնված, քնքուշ ու գեղեցիկ դեմքով և գգվեց Արությունին մի այնպիսի ջերմ սիրով, որպիսին սակավ եղբայր ստացած կլինի իր քրոջից: Այո, անծանոթուհին, Արությունի քույրը՝ Օսանան էր, որի աչքերի հորդ արտասուքը, քաղցր ժպիտի հետ խառնված, ցույց էր տալիս նրա ուրախության, հուզմունքի անչափությունը: Մի քանի րոպե տիրեց լռություն, և ապա խոսեց Օսանան և խնդրեց տեր հորից, որ թույլ տա Արությունին իր մոտ տանելու: Տեր հայրը կատարեց նրա խնդիրը, և մի քառորդ ժամ չանցած, Արությունը դուրս եկավ Օվակիմի տանից՝ մի ձեռքում «Վերք Հայաստանին» բռնած, իսկ մյուս ձեռքը իր քվորը տված…

— Օվակիմ, էդ աղջիկը ձեռիցս չխլի՞ Արությունիս,— հարցրեց տեր հայրը, երբ որ քույր ու եղբայր դուրս էին եկել արդեն…

— Խլում են, թող խլեն, ի՞նչ ես դարդ անում,— ասաց Օվակիմը.— էստեղ քաղաք տեղ է, նրան շատ չեն պահիլ: Շատ էլ որ ուզենա Օսանան, նրան ով մտիկ կանի: Նա մի սկեսուր ունի, որ, աստված ազատե, գյանջեցի է՝ քաղքցի դառած. որ մի բանի վերա խոսում է, էլ չի լռում… Չէ, տեր հայր, նա գեղի տղա է, կուշտ ուտել ու խմելու սովոր, էստեղ ո՞վ նրան էնքան հաց կտա, որ նրա աչքը կշտանա:

— Ի՞նչ է ասում, քա՜,— մեջ ընկավ Սոփիոն.— մաշ ինչկլի հիմի ո՞վ է պահի նրան, գանա չի՞ն կանա էստի էլ պահի…

— Պահիլ էլ կա, պահիլ էլ, մարդ իրա երեխին հո չի դեն գցիլ: Իրանց գեղումը մի երկու մարդու այբ-բեն էին սովրեցրել, էլ ուրիշ բան չգիտեին. մեկ օր տավարն էին ուղարկում, մյուս օր հորթեր, մեկէլ օր՝ գութան. էսպիսությունով նա էլածն էլ մտիցը կգցեր, թե որ նրա բախտիցը տերտերը չէր պատահել:

Ահա չորս տարի է, որ տերտերի մոտն է, դեռ նրա հերը մի թերթ թուղթ չի առած նրա համար… Մերը շատ խելոք, ժրագլուխ