Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/133

Այս էջը սրբագրված է

կամ առնեք, կամ չառնեք, ում աշխատանքիցը պիտի ձեր քվոր համար բաժինք անեք»… ու էսպես շատ բաներ: Ամենքն էլ մնում են լուռ ու մունջ նստած: Ավետիքը չի ուզում ցույց տալ որ նրա խոսքերը գյուլլի պես դիպան իր սրտին, սառը, սառը հարցնում է. «Դե դու ասա, բիձա Արզուման, ի՞նչ պիտի տամ»…

«Արզումանը տերողորմյան հանում է ջեբիցը ու մորուքը տմբացնելով ասում.— մեկ լավ մսացու՝ չաղ ու ղսր կով, մի լավ ղոչ էլ հետը»: Ասում է ու տերողորմյան էլ հետը չրխկացնում, իբր թե հաշիվ է անում, կովի վրա ոչխար է ավելացնում: «Հարյուր թունգի Շուլավերու լավ գինի»: Իրանց գինին ավելի լավ է, բայց էնպես է ասում, որ Ավետիքը գնա նոր մեկանց փողով գինի առնի: Հարսնախպոր համար մի լավ մահուդ չուխա, քսանըհինգ մանեթանոց: Գինն ընդուր է ասում, որ եթե չուխեն էժանագին լինի ու չհավնի, ետ դարձնե, քսանհինգ մանեթն առնե: «Հարսնամոր համար մի լավ քաթիբա՝ երեք թումնանոց: Տասներկու ջուխտ Գյանջու սաղրի քոշեր՝ բարեկամ կնանքոնց համար: Հինգ թուման սպիտակ արծաթ: Մեկ էլ ինձ համար մի շիրմայի մրքի սանդր կառնես, կգաս ձեռս կպաչես, կասես մեղա աստուծու, ես էլ ձեզ կօրհնեմ, կերթաք ձեր մուրազին կհասնեք…»:

Ավետիքը զոռով բերնին հուփ է տալիս, մինչև Արզումանը պրծնում է իր հաշիվը, բայց որ «մեղա աստծուն» էլ վերջիցն է կպցնում, Ավետիքի աչքերն արնով լցվում է: Էսպես ժամանակը մեր գեղացիք կամ առհասարակ բոլոր անկիրթ մարդիկը բանական արարածներ չեն, այլ խոսուն գազաններ, արջ, գայլ, վարազ…

«Ավետիքը վեր է թռչում տեղիցը, ձեռքն էնպես շրխկացնում է խանչալի դաստին, որ բոլոր տան երեխեքն ու հարսները տան պուճախներն են պրծնում… Գոռում է Ավետիքը.— դու ո՞վ ես, որ ես քեզ մեղա ասեմ, ես իսկի տերտերին մեղա չեմ ասում: Ես իմ հոր տղեն եմ, քեզ պես մարդի գլուխը ինձ համար մի սոխ չարժե. ոչինչ չեմ տալու, աղջիկն էլ տանելու եմ. թե որ ղոչաղ մարդ ես, չտաս: Էս գիշեր քեզ ժամանակ, մենք էգուց կհանդիպենք մեկմեկու»… Էս ասում է Ավետիքն ու կատաղած դուրս ընկնում, տան դուռն էլ էնպես չրխկացնում է, որ դուռը կրնկահան է ըլում, վեր ընկնում: Դրսումը շները վրա են թափվում, որ մի լավ քրքրեն,