Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/137

Այս էջը հաստատված է

ես։ Ես դեռ նրա պես խելոք մարդ չեմ տեսել։ Հիմի մի՞թե նա էնքան հիմար է, որ եթե հասկացնես բանի զորությունը, եթե հասկացնես ուսման նշանակությունը, նա իրա որդուն չի օգնիլ:

— Բանն էս է, տեր հայր, որ մենք չենք իմանում, թե ում ենք հիմար ասում և ում՝ խելոք։ Ավետիքը հիմար չէ, ես համաձայն եմ քեզ հետ։ Բայց ես կասեմ, որ եթե նա հիմար լիներ, ավելի շուտ կհամոզվեր, որ պետք է օգնի իր որդուն, քան թե հիմա,որ քու կարծիքով՝ խելոք է։ Նա խելոք է, այո՛, նա համառություն ունի կարծելու, որ խելոք է. նա կարող չէ կասկածել, որ իր գլխում եղածը խելք չէ, այլ համառություն, կամապաշտություն, ինքնասիրություն, մոլեռանդություն և, վերջապես, բարբարոսություն. սրանց ամեն մեկը մյուսի հետևանքն է։ Նա քեզ կասե, որ Սողոմոնն էլ էր շատ իմաստուն, բայց կռապաշտ դառավ, կնկանը գլուխ վեր բերավ, դժոխք գնաց։ Նա քեզ կասե՝ որդին հոր հոգուն ոչ մի շահ չի տալ։ Գրիգոր Լուսավորիչը, որ մեր հավատի գլուխն է, չկարաց իրա հորը դժոխքիցը հանել, էնքանն արավ միայն, որ դժոխքի սյունը ականջիցը հանեցին, աչքումը դրին։ Հիմար ու տգետ մարգոց գլխումը էսպես առասպելներ չկան, և ես զարմանում եմ, որ ում գլուխը, որ քացախով ու դարմանով լիքն է, նրան խելոք են ասում….

Տեր հայրն Օվակիմի խոսքերի մեջ տեսնելով իր պատկերը՝ լռեց։ Այդ նկատեց Օվակիմը և ուզենալով փոքր-ինչ մեղմացնել իր ասածները, ավելացրեց.

— Իհարկե՝ ես շատ էլ չեմ մեղադրում Ավետիքին․ նրա նախապաշարմունքներն էնքան զորություն չունին, որ կարողանան Արությունի ուսման առաջը փակել, եթե միայն նրա սրտի մեջ կընկնի մի ուսումնասիրության կայծ։ Բայց եթե առհասարակ խոսելու լինենք գեղացոց վերա, էդ ուրիշ բան է։ Պետք է քաղաքը քիչ թե շատ ուսումով լցնվի, «որ լափունը տա՝ ածի գեղերը»։ Բայց դեռ մեր քաղքցիք իրանք չեն իմանում ուսման հարգն ու կարևորությունը, դեռ իրանք են մի բան առնում, որ իրանց երեխին ուսման տան, գեղացիք ի՞նչ տեղից կիմանան, կամ, վերջապես, նրանք ի՞նչ գիտեն, թե ուսումն ինչ է։ Զոռով բան չի լինիլ տեր հայր, ամեն բան իրա ժամանակն ունի, իրա պատճառը։ Շատ անգամ գարունքը գալիս է, որ ծառերի ծաղկելու ժամանակն է, բայց շատ ծառեր չեն ծաղկում, պատճառն ի՞նչ է. - ցուրտը տարած է լինում նրանց: Մենք որ կանք հիմա՝ մեկ ցրտատար,