Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/139

Այս էջը հաստատված է

— Ի՞նչ ես ասում, ա՛ տղա,— ընդդիմախոսեց Օսանան: — Դա մեր Օվակիմի մորաքրոջ որդին է, ես մի՞թե չեմ ճանաչում դրան: Մեկ օր խոսք բացվեցավ, ես հարցրի Օվակիմին, նա թե՝ «ճգնավոր, բարեսիրտ մարդ է, բայց գլխումը խելք չկա. դրա համար սուտն ու ճշմարիտը մեկ է, երկուսն էլ հավատում է»․.. Էստեղ գիմնազիումն էնպես բաներ են սովրեցնում, որ դա իր օրումը լսած չի լինիլ։ Մեր հարևան Սառի տղա Յագորը հիմի գիմնազիի վրա չորս կլասումն է։ Նրա մերն էնպես բաներ է ասում նրանից, որ մարդ լսի, կմնա զարմացած…

— Ի՞նչ բաներ է ասում։

— Ասում է՝ իմ տղեն հիմի գիտե, թե էստեղից մինչև Մոսկով տրոյկի ակը քանի անգամ պտույտ կգա։ Նա, ասում է, գիտե, թե Ադամից մինչև հիմի քանի մինուտ է անցել։ Աբա քու տերտերն էդ գիդի՞, քեզ ասել է՞…

— Ես որ քաղքումը մնամ, էդ բաները կսովորե՞մ։

— Իհարկե, կսովորես։ Որ մտնես Վանքի ուսումնարանը, հետո տերտեր կդառնաս․ ուզենաս, գրագիր կդառնաս Կոնձիստորումը, կամ թե չէ՝ վարժապետություն կանես, ժամումն էլ տիրացություն։ Թե որ խելոք կըլես, մի հարուստ մարդ քեզ փեսա կշինի, կաշխատի, ձեռնադրել կտա մի հարուստ եկեղեցու վերա։ Կամ թե չէ՝ թե որ կուզես, կմտնես գիմնազիա, էնտեղ լավ ռսերեն կսովորես, հետո թագավորական զուլլուղ կմտնես, չինովնիկ կդառնաս, տարեցտարի չինդ կավելանա, մեծ մարդ կդառնաս, համ քեզ կըլիս շահ, համ թագավորին… հաբա՜…

— Որ գիմնազիումը լավ սովորեմ, հետո մողրով էլ կդառնամ, չէ է՞…

— Մողրո՞վն ինչ է, դու նրանից էլ մեծ մարդ կդառնաս, ենարալ կդառնաս…

— Ո՜ւհ, ամա մեծ մարդ կըլիմ հա՜… Ղորդ, էդքան կբարձրանա՜մ… Էհ, ենարալ չէ, որ եթե մի հասարակ դիլբանգ էլ դառնալու ըլիմ, ես կմտնեմ գիմնազիա։ Ա՜յ մեր գեղցիք, լեզու չգիտեն, օրենք չգիտեն, մի հասարակ յասավուլի առաջ փափախնին վեր են կայնում, կշտին կուչ գալիս։ Քանի անգամ եմ տեսել մողրովին իմ հորը ծեծելիս։ Նոր չէ՞ր, որ բերդն էլ գցեցին, ուզում էին Սիբիր ուղարկեն։ Մեկ անգամ. տարել էր մոտը, էլ բաց չէր՝ թողնում, թե՝ դու ինձ պետք ես, լեզու, գիտես, ղոչաղ մարդ ես դեռ ինձ պետք է