Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/144

Այս էջը հաստատված է

ոչ միայն բոլոր դաստիարակներից, այլև քաղաքի ամբողջ հասարակության բոլոր մարդկանցից։ Նա պատկառելի էր թե′ դպրոցում և′ թե դուրսը, թե′ հայերի և թե′ օտարների առջև, թե′ զարգացածների և թե′ տգետների համար։ Նրա բնավորությունից՝ իբրև մի օրինակ՝ մի անցք կարելի է բերել։ Մի չար աշակերտ կար, շատ չար, անուղղելի մի սրիկա։ Այդ աշակերտին պետք էր պատժել։ Այդ ժամանակ պատիժ կար, թեև մեղմ, բայց վարժապետներր տեսչից թաքուն պատժում էին անխնա և բարբարոսաբար։ Մի քանի վարժապետ և վերակացուք հազիվ կարողացան չար աշակերտին ներս գցել դահլիճը և դուռը ծածկել։ Դահլիճում, գրասեղանի մոտ, նստած էր տեսուչը։ Երբ որ չար աշակերտին ներս մղեցին ուժով, տեսուչը գլուխը չբարձրացրեց, տղայի երեսին չնայեց, չբարկացավ, չհանդիմանեց, այլ քթի տակին ինչ-որ ասաց շատ մեղմ կերպով,որից չար տղան կարմրեց ու սփրթնեց և ի վերջո այն աստիճան գառը դառավ մի քանի րոպեի մեջ, որ ինքն իր կամքով գնաց պահապանին ասաց, թե՝ տեսուչը հրամայել է, որ իրան տասը զարկ տա։ Երբ որ պահապանը պատրաստվում էր արդեն իր պարտավորությունը կատարելու, տեսուչն ուղարկեց վերակացվին, որ հայտնի նրան, թե ներված է նրա հանցանքը… Այդ սրիկա աշակերտը վերջը դարձավ մի օրինակելի աշակերտ…
Մեր նորեկները նստեցան երկրորդ դասատան առաջին բաժնումը։ Մի քանի օրից հետո Արությունը շուտով աչքի ընկավ։ Կրոնի վարժապետ քահանան նրան տեղափոխեց երկրորդ բաժինը։ Նա սովրեցնում էր համառոտ քրիստոնեական վարդապետություն և ավելի ևս համառոտ սրբազան պատմություն, մինչդեռ Արությունը Աստվածաշունչն ամբողջապես գիտեր, և յուր սուր հիշողության շնորհիվ ինչ տեղից էլ ուզենայիր, նա կպատմեր բառ առ բառ։ Սրբազան պատմությունը սովրեցնում էին աշխարհաբար, իսկ քրիստոնեական վարդապետությունը՝ գրաբար։ Հին վարժապետներն ընդդեմ էին աշխարհաբարի, բայց տեսուչն արդեն մտցրել էր աշխարհաբար շարադրություն և քարոզներ գրել տալը։ Նա ուզում էր, որ կրոնի բոլոր դասագրքերը աշխարհաբար լինին, թարգմանել էր տալիս և Ավետարանը։ Եվ բոլոր այդ բաներին շատ խորթ էին նայում եպիսկոպոսն ու իր արբանյակները։ Նրանք դրանում գտնում էին ոչ ուղիղ դաստիարակության մի ոճ, այլ կրոնական մի նորամուծություն, օտար կրոնի հետևողություն։