Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/146

Այս էջը հաստատված է

Հիրավի, նա արդեն իր լրտեսությունով եպիսկոպոսի հովանավորությունն ու պաշտպանությունը գրավել էր. նա արդեն հոր էր փորում տեսչի համար և ամենայն կեղտոտություն և չարություն գործ էր դնում ուսումնարանումը, և… բոլորն էլ անց էր կենում, բոլորն էլ մարսում էր…

Ռուսաց լեզվի այդ դասատան վարժապետը մի խելագար երիտասարդ էր։ Դրա դասին ծիծաղ էր, որ այստեղից-այնտեղից բարձրանում էր, որից խելագար վարժապետն ավելի ևս գժվում էր։ Նա վերջը իսկապես գժվեցավ և մեռավ։

Թվաբանության ուսուցիչդ մի խենեշ արարած էր։ Նա իր դասը թողած՝ նստում էր իր ընտրած կամ ընտրելի աշակերտի կողքին, ջեբերը պտրտում, գլուխը շփում…— Աշակերտներից շատերն այդ փորձերին ենթարկվելով ամոթից լաց էին լինում… Կային և վարք ու բարքով ապականված աշակերտներ, որոնք վարակում էին և ուրիշ շատերին։

— Այս ի՞նչ խայտառակություն է,— հարցնում էր Արությունը Մանվելին, քանի որ դեռ նոր էր։

— Մեզ ի՞նչ, եղբայր, երևի սրանց ադաթն էլ այսպես է,– պատասխանում էր Մանվելը, և այնուհետև լռում էին երկուսն էլ, թե՛ ներսը և թե՛ դուրսը։

Դպրոցի բոլոր բարոյական և կրթական թերությունները չէին կարող ծածուկ մնալ տեսչի նկատողությունից։ Նա ուզում էր դուրս անել վատ վարժապետներին, բայց դուրս անել քրիստոնեաբար, առանց հայտնելու, որ նրանք այս կամ այն թերությունն ունին և անհարմար են վարժապետության։ Նա մոռանում էր, որ քրիստոնեության հիմնադիրն ինքը այդպիսիների համար խարազան ուներ ձեռին։ Պարոն տեսչի քրիստոնեաբար վարվելու հետևանքն այն եղավ, որ ինքը մեղադրվեցավ քրիստոնեական ջերմեռանդության մեջ և քրիստոնեաբար հեռացավ ուսումնարանից, իբրև մի քրիստոնյա հերետիկոս…

Այսպես հեռացավ պոչավոր աստղը և մեջտեղ կրկին պծպծացին լուսատտիկները։ Շատ աշակերտներ հեռացան այնուհետև ուսումնարանից առանց ուսումն ավարտելու։ Դրանց թվումն էին և Արությունն ու Մանվելը, որոնք նոր էին փոխադրվել վերջին դասատուն։ Դուրս եկող աշակերտներից շատերը մտան արքունական ուսումնարան, նրաց օրինակին ուզեցան հետևել և Արությունն ու