Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/150

Այս էջը սրբագրված է
Բ
ՍԿԻԶԲՆ ԵՐԿԱՆՑ

Մեկ օր՝ կեսօրից հետո՝ Արությունն ու Մանվելը ման էին գալիս Խոջի վանքի գերեզմանատանը, որ այն ժամանակ հավլաբարցոց միակ զբոսատեղին էր, կարդում էին այս և այն գերեզմանագիրը և գովում կամ փնտրում էին շարադրողին կամ փորագրողին:

— Արություն, տեսնես աշխարհքիս մեռելնե՞րը շատ կլինեն, թե՞ սաղերը,— ասաց Մանվելը, նստելով մի գերեզմանաքարի վրա:

— Քո տունը շինվի, Մանվել, բա էդ էլ չգիտե՞ս:

— Իմ մտքով՝ պետք է որ սաղերը շատ լինին, որովհետև մարդիկ տարեցտարի ավելանում են, հո չեն պակասում. մեկ խոսքով՝ ծնվողների թիվը շատ է, քան մեռնողների:

— Զարմանալի մարդ ես դու, Մանվել. ինչքան մեծանաս, էլի պիտի երեխա մնաս:

— Ինչպե՞ս:

— Ասում ես՝ ծնվողների թիվը շատ է, քան թե մեռնողների, բայց չես մտածում, որ աշխարհի ստեղծելուց մինչև հիմա որքա՜ն մարդիկ կլինին հողի տակն անցած, որ եթե հանկարծ վեր կենային՝ չէին տեղավորվիլ հողագնդի վրա: Վերցնենք՝ օրինակի համար՝ հենց մեր քաղաքը: Ո՜վ գիտե՝ քանի անգամ կլինի սա մեծացած, էլի ոչնչացած. ժանտախտ է գալիս, սով է լինում, պատերազմ է լինում, բայց դրանք էլ որ չլինեն, բավական է, որ բոլոր ծնվողները՝ շատ ապրեն թե քիչ՝ պիտի մեռնին, բայց մեռածները նոր մեկանց վեր չեն կենում…

— Ես լավ չեմ հասկանում. ինձ թվում է, որ մարդիկ տարեց-տարի շատանում են, չեն պակասում: Մեր գեղն առաջ տասը տուն էր, հիմի դառել է քսան տուն, էնպես էլ ամեն տեղ:

— Դու սաղերը սաղերի հետ ես համեմատում: Ի՞նչպես ես կարծում ուրեմն. եթե աշխարհիս երեսին մահ ասածդ չլիներ, մարդիկ երկու էնքան կլինեին, ինչքան հիմա կա՞ն, թե՞ ավելի շատ:

— Սպասիր մտածեմ… Չէ՛, մեռածները շատ կլինեն, որովհետև