Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/158

Այս էջը հաստատված է

խելոքները չեն իմանում, որ էդ ոչինչ բաները մի-մի ախտ, մի-մի ցավ են։ Վերցնենք հենց խաչի ղուլերին, նղավող հարսներին։ Մեզ մի ճոն հարևան ունինք, խեղճը քանդվել է իրա կնկա ձեռիցը՝ շատ էս խաչն ու էն խաչը տանելով։ Ես ինչպես տեսնում եմ, էս քաղքցիք ավելի են հիմար, քան թե մեր գեղցիք։ Արություն, դու նղավող հարս չես տեսե՞լ։ Տեսնես դրանք ճշմարիտ խոսելու ցավ ունի՞ն, թե՞ ջինդարների պես դրանք էլ են խաբում։

— Դրանք երեք տեսակ են, իմ տեսածների համար եմ ասում, կարելի է շատ տեսակներ կան։ Մի տեսակը կա, որ միայն նղավում է իսկապես և ոչինչ չի խոսում։ Մի տեսակ էլ կա, որ աստված հեռու տանե. տեսնելիս մարդ զարհուրում է։ Նրա մարմնի մեջ ընկնում է մի սոսկալի ցնցում, դող. ձեռք ու ոտքը էնպես են ցնցվում, շարժվում շուտ-շուտ, որ խելքը գլխին մարդը իր կամքով, որքան կուզի ճարպիկ ու արագաշարժ լինի, չի կարող էդպես շուտ-շուտ շարժել։ Նոր մորթած հավն ինչպես է թեպրին տալիս կամ նոր մորթած ոչխարն ինչպես է շարժվում, դողդողացնում ոտները, ահա էդպես շարժվում են նրա բոլոր անդամները։ Բայց շատ չի քաշում, միայն կես ժամ, ավելի չէ։ Էդպեսները առաջ ապշում են, հետո սկսում են երգել, բայց հետզհետե երդի եղանակը փոխվում է, սկսում են ոռնալ, ղլղլացնել, բլբլացնել, հետո սկսում են ձեռք ու ոտքը գետնին զարկել կամ ձեոներով իրանց կուրծքին խփել։ Դա շատ քիչ է պատահում, բայց պատահած ժամանակ փորձառու մարզիկը ձեռք չեն տալիս, չեն բռնում, գիտեն, որ բռնելն ավելի վատ է։ Տանջանքն անցնելուց հետո նա իսկույն ուշքի է գալիս, կարծես խոր քնից կամ մի զարհուրելի երազից։ Ուրիշ բան չեն զգում, բացի հոգնածությունից։ Բայց երրորդ տեսակը մի կատարյալ հարսանիք է, մի ճարպկություն, խորամանկություն է՝ ուրիշ ոչինչ։ Ներկայացրու քեզ մի տուն։ Նրա մեջտեղը յորղան դոշակի մեջ ձգվել է մի սիրուն, շարմաղ կամ մի դեղնած սփրթնած բոշի կերպարանքով, մարդիցը դժգոհ մի հարս, կամ տանը մնացած մի պառավ աղջիկ։ Թաղի կնանիքը, հարսներն ու աղջկերքը հավաքվել են տանը լցվել, որ կենդանի մեռելի սուգն անեն, և հենց սգում էլ են շատերը։ Հարսի մարդը գլխավերևը կանգնել է, ձեռները խաչ արել, վիզը ծռել, մի խոսքով իր դեմք ու կերպարանքին մի այնպիսի տեսք է տվել, որ կասես իր կյանքի վերջին րոպեն եկել հասել է, հիմի ուր որ է պիտի դատավճիռը կարդան երեսին ու տանեն կախ տան, խեղդեն։ Հենց էսպես էլ պատահում է։