Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/174

Այս էջը սրբագրված է

մարմար կուրծքը, շամամ ծծերը, նրա մեկ բոյն ու բուսաթը սաղ աշխարհքի հետ չեմ փոխիլ: Իզուր հո չեն մեր աշըղները ջունուն դառել, նրանց սիրովը վառվել, հենց գովել են ու գովել, մի գլուխ գովել: Ի՞նչ անեն խեղճերը. մի բան որ տեղնուտեղը լավ ըլի, ոտից մինչև գլուխ, գլխից մինչև ոտք, պիտի առաջին չոքես, ձեռներդ սրտիդ դնես, շլինքդ ծռես, աղաչես, պաղատես, գովես, փառաբանես, մինչև բերանիդ ջուրը գնա, զմայլիս, վերանաս. ալքերդ մթնի, ուշաթափվիս, վեր ընկնիս դելը տաս… Ա՛յ ինչպես (երգում է)…


Յաղութ յաման ես, չալ մերջան ես,
Շատ աննման ես,
Աննմանութենեդ, բարկութենեդ
Ինձի զայ չանես.
Ինձ՝ Նախշունյանցիս, սիրովդ էրվածիս
Թաք հետըդ տանես,
Կամ չոքիս ջանիս, հոգիս հանես
Կիսամեռ չանես,
Ինչ կուզե անես, թեկուզ սպանես,
Իմ ճարը դուն ես…


— Կեցցե՜ Նախշունյանցը, մեր ազգային երգիչը,— բղավեցին պատանիքը վերջացնելով պարոն Նախշունյանցի մուխամբազը և կոնծեցին նրա կենացը:

— Մանվե՛լ, քու կենացը, Մանվե՛լ,— ասաց Օսանան,— աստված քեզ էդպես ուրախ պահի միշտ: Արություն ջան, զորանաս: Ձեր երկուսի կենացը, աստված ձեր սերն անխզելի ու հաստատ պահե, թագներիդ արժանի ըլիք, թշնամու սրտով չըլիք, մուրազներիդ հասնեք: Ա՛ստվածատուր, Հո՛ռոմսիմ…

— Վայելե, ինձ տուր,— պատասխանեց Հոռոմսիմը:

— Ա՛ստվածատուր, Ա՛ստվածատուր,— բղավեց Մանվելը: — Նախշունյանցի անունը մոռացել էի, հիմի Աստվածատուր ասացին, միտս ընկավ: Արություն, էդ Աստվածատուրի տաղանդն էլ է աստվածատուր, դրա չափ խաղեր, ով գիտե՝ ոչ մի աշըղ ասած չըլի…

— Ես տեսել եմ դրա խաղերի դավթարները, դիփ էլ կարդացել եմ: Դա մի զարմանալի մարդ է, ուրիշ աշըղների պես թուրքերեն չի ասում, դրա բոլոր խաղերը հայերեն են, բայց ձևն էլի թուրքերենի է: Միևնույն ավալ-ախըրը, դիլ–թարփանմազը, դոդազ– դագմազը: