Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/190

Այս էջը հաստատված է

ՄԱՐԴԱԳԵԼ


(Հինը և նորը)


Մայրական սերը ամեն մի զգացող մարդի հայտնի է։ Արությունը գլուխը դրավ իր մոր գոգումն ու լռեց։ Մայրը՝ գթառատության արտասուքն աչքերին՝ սկսեց շփել որդու գլուխը, որով մի քաղցր քուն բերավ նրա վրա։ Սայլն էլ օրորոցի պաշտոն էր կատարում երեխայացած Արությունի համար և անընդհատ օրորում էր, մինչև հասան տուն, որ շատ հեռու չէր։


Արությունը վայր իջավ սայլից, համբուրեց հոր ձեռքը։ Հայրը շատ ուրախացավ, բայց սանձելով իր ներքին հուզմունքը, «աստված պահե քեզ, որդի», ասաց նա վարդապետի ոճով, որովհետև համբուրելու սովորություն չուներ, այդ մեղք էր համարում նա։


Արությունը մնաց գյուզումը։ Երեք օրից հետո նա այլևս հյուր չէր։ Այն փաղաքշանքը, որ նա վայելեց իր հորից, մի րոպեական զվարճություն էր, չէր կարող երկար տևել։ Նրան հարկավոր էր, ինչպես տան մեկ անդամի, որևիցե կերպով օգտակար լինել, որ իր կերածը կորած չհամարվեր։ Նրա անելիքը շատ ծանր չէր լինելու. պետք է գոմը քերեր, ձին տաներ ջուրը, տավարին դարման տար, փայտը կտրատեր։ Այս կատարեց նա։ Հետո հարկադրվեցավ գնալ այգին մշակել, անտառից փայտ բերել, շինության համար՝ գերան, քար, ջուր։ Բայց ուր որ գնում էր, ինչ որ անում էր, առանց մի վնասի չէր վերադառնում. կամ ձեռքն էր կտրած լինում, կամ ոտքը ցավցրած, երեսը չանգռած, մի բան կորցրած, սայլը շուռ բերած կամ կոտրած, եզը կամ գոմեշը փախցրած կամ կորցրած։ Սկզբումը հայրը չէր բարկանում այս անհաջող հանգամանքների վրա, ասում էր՝ «դեռ խամ աչառ է, եզը կդառնա), բայց տեսնելով՝ որ հետզհետե վնասներ ավելի է բերում, առածը փոխեց, ասելով՝ «Մինչև աչառը եզ կդառնա, տերը խոզ կդառնա։ Ուստի մտածեց վերջ դնել այս դժբախտությանը՝ նոր ինորո խրատելով Արությունին Խիկարի խրատներով, հանդիմանությունով, նախատինքով, վերջապես սուր֊սուր մասալներով ու կատակով։ Բայց Ավետիքի կրթության այս ձևը ոչ միայն չուղղեց Արությունին, այլ՝ ընդհակառակն՝ ավելի ևս գրգռեց նրա ինքնասիրությունը։