Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/202

Այս էջը հաստատված է

մարդկությանը, ինչքա՜ն երջանկացնում նրանց և փոխարենը վայելում նրանց գովասանքն ու օրհնությունը։ Դեմոսթենեսի պես ճառեր էր ասում և ատենաբանություն անում։ Քյորօղյու պես երգում էր հաղթական և քաջության երգեր, Քյարամի պես ողբում էր և փնտրում իր Ասլուն։ Երգում էր և անպատրաստից՝ առանց կանգ առնելու, ինչպես շուվարա, որ կնշանակե ոտանավոր ազատ խոսող։ Այդ ընդունակությունը նրա մեջ նման էր ճարպիկ լարախաղացի և զորեղ ըմբշի ոգևորության։ Այդ ոգևորությունը տեսանելի և շոշափելի է։ Ըմբիշները ուռչում են, նրանց բոլոր երակները լցվում էն արյունով. լարախաղացները թեթևանում են, կարծես թևավորվում են։ Այս միևնույն վիճակի մեջ են ընկնում և աշըղները ոգևորված ժամանակ, մանավանդ իրար հետ բաս մտած ժամանակ։ Արությունը ոգևորվում էր թե՛ ըմբշի, թե՛ լարախաղացի և թե՛ աշըղի նման: Նա զուրկ չէր առաջինի ուժից, երկրորդի ճարպկությունից և երրորդի ճարտարությունից։ Միայն սազ չուներ և ոչ ածել գիտեր. հայրը չէր թույլ տվել սովորելու։ Նա շվի էր ածում, որովհետև հեշտ էր ձեռք բերելը. ինքն էր շինում. բայց շատ էր ցանկանում մի սազ էլ ձեռք բերել և իսկական աշըղ դառնալ՝ աշըղությունը բարենորոգելու նպատակով։ Այդ ժամանակ լավ աշըղները շատ մեծ հռչակ և հեղինակություն ունեին ժողովրդի մեջ և մեծ հարգանք ու պատիվ էին վայելում։ Բայց Արությունն ընդդեմ էր նրանց թե՛ հանգահյուսության անճոռնի ձևին, թե՛ թուրքերեն երգերուն և թե՛ մանավանդ նրանց չափից դուրս ստահոդ պատմություններին, որոնցով շարունակ նախապաշարմունքի մեջ էին պահում ժողովրդին։ Դրանք Ավետարանի և Աստվածաշնչի պատմությունները ծաղկացնում էին և պատմում այնպիսի ավելվածներով, որ տերտերների բերանը բաց էր մնում:

Մեկ անգամ լսեց, որ Հայդարբեգ գյուղը մի շատ անվանի աշըղ է եկել, թե նա շատ աշըղների հետ է բաս մտած և սազերը ձեոքներիցը խլած, մտքումը դրավ գնալ նրա հետ բաս մտնել, հուսալով՝ որ անպատճառ կհաղթի և սազը ձեռքիցը կառնի։ «Աբովյանցի ասածը, խանչալիս քարը հո չի վեր ընկնիլ, մի աշըղ էլ ես կդառնամ», — ասաց Արությունն ինքն իրան։ «Եթե ես կհաղթեմ, սազը ձեռքիցը կառնեմ, իսկ եթե նա կհաղթի, ես իմ հրացանս կտամ իրան, բայց հետո մի թաքուն տեղ առաջը կկտրեմ, համ իմ հրացանս կխլեմ ձեռքիցը՝ համ իր սազը. թող գնա՝ որտեղ իրանը կասի, էնտեղ էլ իմն ասի։ Դրանց օյին գալը մեղք չէ. բոշի նման