Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/218

Այս էջը սրբագրված է

թյան և թղթամոլության պես մի բան է դառնում, էլ ձեռք վերցնելու հնար չի ունենում: Արությունի երակները արյունով լցվել էին, նրա մկանունքները զարգացել, նա շարժունության կարիք էր զգում: Այսպես մենակ մի քանի օր թափառելուց հետո, մի օր էլ Մարցա անտառներումը հանդիպեց արտաքին կերպարանքով իր նման մի որսորդի, կամեցավ մոտենալ Նրան, բայց անծանոթը հրացանը Արությունի դեմ բռնելով, ասաց.


— Քի՞մ սան, յախըն գյալմա (ո՞վ ես, մոտ մի՛ գար)։


Արությունին որսորդների զգուշությունը հայտնի էր, անծանոթի հայի կերպարանքը տեսնելով ասաց.


— Ես թուրք հո չե՞մ, ի՞նչ ես թվանքըդ դեմ անում վրես, ես հորսկան տղա եմ, հորսի եմ ման գալիս...


— Հա՜ա դե որ հայ քրիստոնյա ես, լավ ա... ո՞րդիանցի ես, անումդ ի՞նչ ա,— հարցրեց անծանոթը մոտենալով Արությունին:


— Խաչնեցի եմ, անո՛ւմս Արութին ա, դո՞ւ որդիանցի ես, քու անումդ ինչ ա...


— Ես էլ դսեղցի եմ, անումս Պողոս ա:


Մի քանի այսպիսի լակոնական հարց ու պատասխան իրար տալուց հետո՝ մեր հայ սպարտացիքը մոտեցան միմյանց և նստեցան իրար կողքի, որ հանգստանան:


Պողոսն Արությանի կատարյալ հակապատկերն էր. նա մի մարմնացյալ կոպտություն էր՝ գազանի բնավորությամբ, բոլոր զգացումները գազանային էին. նրա ապշությունը, զարմանքը, բացականչությունը, բարկությունը, ոգևորությունը, բոլորը, բոլորը, գազանային էին, խելքի կառավարություն, տիրապետություն չկար նրա զգացմունքների վրա: Բայց այսուամենայնիվ, իբրև ընկեր՝ շատ լավ ընկեր էր, որովհետև սրտոտ էր, քաջ էր։ Նա ընկերոջ համար գլուխը մահու կտար, երբ տեսներ նրան նեղ տեղ ընկած: Երբ որ տեսավ, որ Արությունը մի օտարական է, առաջարկեց նրան իր մոտ գնալ, իր տանը մնալ որքան կամենում է և իր հետ գնալ որսի։ Արությունը հանձն առավ և տուն վերադառնալիս մի եղնիկ սպանեց, որով ցույց, տվավ Պողոսին իր ճարպկությունը և բարձրացրեց նրա աչքումն իր հեղինակությունը, որովհետև գնդակը դիպցրել էր եղնիկի ճակատի ուղիղ մեջտեղը, որ ամեն որսորդի բան չէր...


Արությանը Պողոսի հետ ընկերություն արավ մի քանի ամիս։