Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/224

Այս էջը սրբագրված է

ըլում արած, որ չբացվին։ Էսպես՝ խեղճ Քյարամը ասում ա, ասում, ասում, ասում, մեկ էլ սազը կրակ ա ընկնում, վառվում, էդ կրակը դիպչում ա իրան, ինքն էլ ա սկսում էրվիլ: Ասլին ուզում ա թե հանգցնի, կշտին մի փարչ ա ըլում, վրա ա բերում, ածում վրեն. հենց իմանում ա, թե ջուր ա, դու մի ասիլ նոթ ա... էդ նոթն էլ որ վրեն չի ածում, խեղճ Քյարամը տեղն ա տեղը էրվում ա, դառնում մի անձղակոթ։ Նրան տանում են թաղում։ Ասլին էլ չի հեռանում նրա գերեզմանիցը։ Սազը ձեռքին էնքան ածում ա, սգում, լաց ըլում, որ մեկ օր էլ գերեզմանիցը կրակ ա դուրս գալիս, նրան էլ էնտեղ էրում... Նրանց գերեզմանի վրա հետո երկու վարդի թփեր են բսնում, երկուսի մեջտեղն էլ մի փշի ծառ։ Վարդերն իրանց ճղերը մեկնում են, որ իրար փաթաթվին, մեջտեղի փշի ծառը չի թողնում...


Կոպիտ Պողոսի սիրտն այնքան քնքշացավ այդ պատմությունից, որ աչքերն արտասուքով լցվեցան։


— Խեղճերն իրանց մուրազին չեն հասել, վերջն էլ էրվել են... Արութին, էրնեկ ասած չըլնիր, սրտումս դարդ դառավ։


— Դու շատ անխելք ես, Պողոս... Ադա, էդ դրուստ էլած բան խոմ չի՞, էդ հեքիաթ ա, մոգոնած բան ա, մարդը ոնց կէրվի, մեռած մարդու գլուխը, յա ծառը, քարը ո՞նց կխոսին...


— Ի՞նչ ա ասում... Ամմա ի՞նչ զուլում տերտեր ա ըլել. աղջիկը թուրքի չի տվել... Չէ՛, որ մոգոնովի բան ա, էլ ես նրա անըծքին չեմ հավատալ։ Ախր էդ թուրքերը հորսկանություն անելու շնորհք չունին, էնդուր ա անըծել հորսկաններին... Ուզեցել ա հայի աղջիկ առնի, էն էլ տերտերի... Իսկի մեր տերտերն իր աղջիկը ինձ չի տալիս, ասում ա՝ ես հորսկանին աղջիկ չեմ տալ... Ես հիմի կտեսնեմ, թե ո՞նց չի տալ։ Ես Քյարամի նման աշըղ չեմ դառնալ, որ ասի՝ արի աղջկաս կոճակնին բաց արա, մի գիշեր վեր կառնեմ ու հայդե...


— Պողոս, էդ թողնենք,— խոսքը կտրեց Արությունը։— Ես քեզ հետ խոսելու բան շատ ունեմ, տեղը չի եկել, որ ասեմ։ Դու լավ տղա ես, քու սիրտը չար չի, ամա շատ ես անտաշ։ Ադա, մորդ խաթրն ինչի՞ չես պահում, պառավ կնիկ ա, կսկիծից էրված, խորովված։


Արությունը, որ ծածկվել էր մի կեղծ դիմակով և խոսում ու դատում էր Պողոսի հայացքով, այժմ սկսել էր իր դիմակը ետ քաշել, որովհետև էլ միտք չուներ նրա հետ ընկերություն անելու։ Մի