Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/228

Այս էջը սրբագրված է

— Զարմանում ես հա՞... Մի զարմանալ։ Ես էնքան կարդալ գիտեմ, որ ձեր տերտերը իմ կեսի կեսի ղադամ չի գիդում...


— Հա՛ հա՛... Դե ըտենց կասեիր է... Հը՜մ...


— Ի՞նչի ես «հը՜մ» անում...


— Դե ասում են՝ շատ կարդացողը կգժվի, ես էլ...


— Մի հավատալ, շատ կարդացողը չի գժվիլ, քիչ կարդացողը կգժվի...


— Բա մեր տիրացուն ինչի՞ չի գժվում, ասում են քիչ ա կարդացել։


— Էն դուր չի գժվում, որ հենց իմանում ա, թե շատ ա կարդացել, որ գիտենար, թե քիչ ա կարդացել, կգժվեր...


— Յանի դրուստ ես ասո՞ւմ, դու գրի սևն ու սպիտակը ջոկում ե՞ս... ես չեմ հավատում...


— Ինչի՞ չես հավատում։


— Դե մեր դեղումն ով որ կարդալ գիտի, էլ մորթ չի անում, ասում ա՝ մեղք ա. շնահորսն էլ չեն ուտում, ասում են՝ հարամ ա...


— Դրանք սարսաղ են, ի՞նչ են գիտում մեղքը որն ա, վարձքը որը։ Բա ինչի՞ ուրիշի մորթածն ուտում են. դիփ մեկ չի՞, թեկուզ գողացած, թեկուզ գողի հետ մըտեղ կերած։ Դրանց գլխումը խելք չկա, ինչ որ ըղորթ ա, էն դրանց համար սուտ ա, ինչ որ սուտ ա, էն ըղորթ...


— Դու շատ դրուստ ես ասում, Արութին... էլ դրանց խոսքին ես չեմ հավատալու։


— Ընչի՞, թե որ ըղորթ բան կասեն, յա մի խելքը կտրելու բան, հավատա։


— Դե ես ի՞նչ եմ գիտում ըղորթը ո՞րն ա, սուտը՝ որը։ Երկու տարեն, յա թե չէ՝ երեք տարին մի հետ անջախ եմ ժամ գնում։ Գնացած վախտս էլ՝ մնում եմ պլշած, զարմացած, մտքումս ասում եմ՝ յարաբ էս ի՞նչ են անում, ի՞նչ են ասում։ Մտիկ եմ տալիս ուրիշներին, երբ որ նրանք ծունդր են դնում, ես էլ եմ ծունդր դնում, էրեսիս խեչահանելն հո դրուստ չեմ գիտում... Աղոթքներիցն էլ մի էն եմ գիտում, մին էլ տեր ողորմյան։ Էդ երկուսն էլ էնդուր եմ սովորել, որ դրանցից շատ են ասում։


— Տեր ողորմյան շատ կասեն՝ էն էլ մեծ պասին, ևր շատ չեն ասիլ...


— Ի՞նչ ես ասում, Արութին, մեր տերտերը հենց և ա, որ ասում ա, և հա և, և հա և...